կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 13:44
Քաղաքական

Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկվածի հանդեպ խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին

Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկվածի հանդեպ խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին

Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված` 42-ամյա Արշակ Սվազյանը դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնում է որպես կասկածյալ, և նրա հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը լիարժեք գնահատական չի տվել Արամ Մանուկյանին հասցված մարմնական վնասի վերաբերյալ: Փորձաքննության եզրակացությունում նշվում է, որ ախտորոշված` գլուխուղեղի ցնցման վերաբերյալ վերջնական գնահատական կարելի է տալ միայն 3 շաբաթ անց, և դրա համար անհրաժեշտ է նաև փորձաքննվողի ներկայությունը:

 

Հարցաքննվել է դատաբժիշկը, ով նույնպես պնդել է վերոնշյալը` ասելով, որ Արամ Մանուկյանին հասցված մարմնական վնասը տատանվում է թեթևի և միջինի սահմաններում:



Եվ քանի որ փորձաքննության վերջնական եզրակացություն դեռևս չկա, ապա քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը) հատկանիշներով:

 

Քննչական կոմիտեից, ի պատասխան այն թյուրըմբռնման հետևանքով տարածված տեղեկությունների, թե կասկածյալին ազատ են արձակել, պարզաբանեցին, որ Արշակ Սվազյանը ունի դատաիրավական կարգավիճակ` կասկածյալ է, և նրա հանդեպ կա ընտրված խափանման միջոց: Ինչ վերաբերում է նրա արարքի քրեաիրավական գնահատականին, ապա դա կտրվի դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունը ստանալուց հետո: