կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 16:40
Քաղաքական

Կաշառակերությունը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է. Հրանտ Բագրատյան

Կաշառակերությունը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը քննադատեց կառավարության գործելաոճը:

 

Նրա խոսքով` օրենքի այն դրույթը, ըստ որի` մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացող հղի կնոջ հղիության նպաստը պետք է վճարի նաև գործատուն, արդյունավետ քայլ չէ:

 

Ըստ Բագրատյանի` մեծ ընկերության սեփականատերերը չեն հասկանում՝ երեխա ունենալու համար ինչո՞ւ են իրենք վճարում: Նա նշեց, որ հայկական աշխատաշուկայում կանանց գործազրկությունն ավելի մեծ չէ, քան տղամարդկանցը, թեեւ հակառակն են պնդում:

 

«Այսինքն՝ նորմալ հիմնարկի պետը, եթե չի լինում ծննդաբերության հանգամանքը, գերադասում է կին աշխատողին: Շատ պարզ պատճառով՝ ավելի դիսցիպլինայով են և ձեռքից ավելի պինդ են: Միանշանակ, կաշառակերությունը տղամարդկանց մեջ ավելի բարձր է՝ որպես բիոլոգիական տեսակ: Բազմաթիվ հետազոտություններ կան այդ մասին: Հենց էսօր թարսի պես դիմեցին ինձ, առաջարկեցին մի շարք աշխատողներ և ասացի՝ կին չառաջարկեք, շատ պարզ պատճառով»,- ասաց պատգամավորը:

 

Քննարկումների ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև կենսաթոշակային կուտակային համակարգին: Հրանտ Բագրատյանը կառավարության անդամներին և պատգամավորներին կոչ արեց չհիշեցնել այդ համակարգի մասին:


«Էդ կուտակայինի պատճառով անցած տարի տեմպն իջավ 3.3 տոկոս, էս տարի իջնում է 3 տոկոս, անցած տարի 20 մլրդ դուրս գնաց, էս տարի՝ 13 մլրդ: Եթե մի հրաշքով պարզվի, որ դուք իրավացի եք, դուք ձեր իրավացիությունը կարող եք առաջարկել 45 տարի հետո: Ես իմ իրավացիությունն արդեն ապացուցում եմ մեկ տարի հետ, երբ որ ասում եմ՝ տեսա՞ք` ինչ եղավ, այդպես չէր կարելի անել: Խնդրում եմ, դուք էդ թեմային ընդհանրապես մի' անդրադարձեք, որովհետև էդ թեման կարճ միացում է տալիս անմիջապես»,- ընդգծեց նա: