կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-01 10:40
Իրավական

Նորագավիթում երեք երիտասարդների դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել անչափահասի

Նորագավիթում երեք երիտասարդների դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել անչափահասի

Հոկտեմբերի 26-ի գիշերը Նորագավիթում վիճաբանության ժամանակ դանակահարված երեք երիտասարդներից մեկը` 24-ամյա Անդրանիկը,  որի ստացած վնասվածքը համեմատաբար թեթև էր,  դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Մյուս երկուսը` 23-ամյա Արթուրն ու 20-ամյա Դավիթը, ենթարկվել են վիրահատության և ներկայումս գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքում:

 

Որոշ տեղեկությունների համաձայն` տղաների վիճաբանությունը տեղի է ունեցել ընկերներից մեկի տանը, որտեղից և շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Սակայն այսօր հիվանդանոցում yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում դանակահարված Արթուրի հարազատները հերքեցին այդ տեղեկությունը` նշելով, որ դեպքը դրսում է տեղի ունեցել: Նրանք հրաժարվեցին դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել` նշելով, որ գործով զբաղվում են իրավապահները: Երեկ հիվանդանոցում տեղեկացանք, որ տղաների վիճակը կայուն է, և նրանց մոտ օրերս դուրս կգրեն հիվանդանոցից:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից yerkir.am-ը տեղեկացավ, որ պարզվել են դեպքի հանգամանքները,  ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 2 մասի 1 կետի հատկանիշներով` դիտավորությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Սակայն նկատի ունենալով, որ նա անչափահաս է, նրա նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտից՝ «ազդրերի, գոտկատեղի և աճուկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, «որովայնի, վերին և ստորին վերջույթների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1991 թ. ծնված Արթուր Գ.-ին, «ազդրերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ին:   Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալ:   Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, նրանց նշված վնասվածքները պատճառելեն 1993 թ. ծնված Գևորգ Հ.-ն, ով նույն օրը ներկայացել է բաժին և ցուցմունք տվել, և մի անչափահաս:  

 

Գործի նախաքննությունը շարունակվում է: