Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում մասնակցեց էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին:
Միջոցառմանը ներկա էին մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները:
«Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի` վիրուսի ներթափանցման առաջին իսկ կասկածի դեպքում հնարավոր վիրուսակրին մեկուսացնելու, բուժումը կազմակերպելու համար: Ողջ գործընթացը պետք է լինի խիստ կանոնակարգված և կազմակերպված»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը` կարևորելով բժշկական անձնակազմի պատարստվածության և իրազեկվածության բարձր մակարդակը:
Նրա գնահատմամբ` բարձր կազմակերպվածությամբ կարելի է խուսափել հնարավոր վտանգներից և ռիսկերից: Նախարարը կարևորեց, որ էբոլա վիրուսով կասկածյալի հայտնաբերման պահից մինչև բժշկական կազմակերպություն նրա տեղափոխումն իրականացվի մշակված ժամանակացույցի, գործողությունների պլանի համաձայն` նշված մասնագետների պատասխանատվությամբ:
Որպես կազմակերպվածության լավ օրինակ մատնանշեց Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ ծառայության աշխատանքը: ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունում ևս անցկացվել են շտաբային վարժանքներ:
«Դրանց շնորհիվ հստակեցրել ենք բոլոր ծառայությունների և մասնագետների պատասխանատվությունները, պարտականությունները և գործողությունները, որոնք պետք է իրականացվեն էբոլա վիրուսով կասկածյալ հիվանդի Հայաստան ժամանելու դեպքում»,- հայտնեց Սերգեյ Խաչատրյանը` հանգամանալից ներկայացնելով տվյալ իրավիճակի համար սահմանված բոլոր քայլերի հաջորդականությունը։
Նա կարևորեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և սահմանային անցումային յոթ կետերի մասնագետների համակարգված աշխատանքը: «Բոլոր գործողությունները հստակ հաջորդականությամբ պետք է լինեն համակարգված»,- ընդգծեց նախարարի տեղակալը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նշեց, որ արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել և իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։
Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին, ձեռք է բերվել մեծաթիվ անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ։ Հեռակառավարվող ջերմացույցի միջոցով կատարվում է ուղևորների ջերմության որոշում, իսկ օդանավակայանում սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբաններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ` կասկածելի դեպքերի հայտնաբերման նպատակով:
Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատողներն ապահովված են անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչ նյութերով: «Այսօրվա վարժանքի նպատակը վարակաբանների, համաճարակաբանների, սահմանային կետերի համաճարակաբանների փոխհամագործակցության ապահովումն է»,-ասաց Արտավազդ Վանյանը: Նրա առաջարկով մարզային սահմանային անցակետերում կստեղծվեն արագ արձագանքնման խմբեր, որոնք կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածումը տեղում կանխարգելելու նպատակով:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը նշեց, կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ:
Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։ Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար: Ուղևորներն ախտահարված երկրներ այցելության ժամանակ իրազեկվում են հնարավոր վտանգների մասին։ Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպությունների համար։ Կարևորվեց միմյանց հետ 24 ժամ կապի մեջ լինելու, արագ արձագանքելու, տեղեկատվությունը փոխանակելու անհրաժեշտությունը:
Գնահատվեցին սահմանային կետերի կարիքները, թարմացվեց տվյալների բազան, հստակեցվեցին կազմակերպչական այլ հարցեր: Ուսումնական վարժանքի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը պատասխանեց մասնագետների հարցերին: