կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-17 14:00
Իրավական

Սերժ Սարգսյանը դատարան չի գնա. առաջարկում են ՌԴ դեսպանին հրավիրել

Սերժ Սարգսյանը դատարան չի գնա. առաջարկում են ՌԴ դեսպանին հրավիրել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով հերթական դատական նիստը:

 

Այսօր ամբաստանյալ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ ցանկանում անցկացնել տեսաերիզի զննություն, որով ապացուցվում է, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են, ինչպես նաև խախտվել են նրանց իրավունքները: Փաստաբանն ասաց նաև, որ 10 հազար քաղաքացիներ ստորագրել են պահանջի տակ՝ դադարեցնել ամոթալի քաղաքական հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին:

 

Տեսաերիզը վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կոլումբիայի համալսարանում արված հայտարարությանը: Փաստաբանի խոսքով՝ այդ հայտարարությունից պարզ է դառնում, որ նա տիրապետում է որոշակի հանգամանքների, եթե հանդես է գալիս նման հայտարարությամբ: Ուստի փաստաբանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը և դատարան հրավիրել ու հարցաքննել Սերժ Սարգսյանին:

 

Շանթ Հարությունյանը ևս միացավ միջնորդությանը: Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ միջնորդությունը պետք է բավարարվի, այլապես պարզ կդառնա, որ նախագահը դատարանին ցուցում է տալիս, թե ինչպես պետք է վարվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հետ: Նշենք, որ նախորդ դատական նիստում դատավորը թույլ չէր տվել Պետրոսյանին միջնորդություն ներկայացնել:

 

Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում տարբեր աղբյուրներից ստացվել են տեսաերիզներ, կատարվել է դրանց զննություն, դրանք հետազոտվել են դատարանում, դատաքննությունը սկսվել է հունիս ամսին, և պաշտպանական կողմը ժամանակ է ունեցել դա ներկայացնելու:

 

Դատարանը մերժեց միջնորդությունը, ինչին ամբաստանյալ Վարդան Վարդանյանն արձագանքեց. «Այսինքն՝ ստացվում է, որ նախագահի ասածն «ասնավանի» չի՞»:

 

Շանթ Հարությունյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին: «Նա` որպես օտար երկրի ներկայացուցիչ միջամտել է անկախ երկրում սպասվող դատավարական գործընթացին ՝ նախապես ասելով, որ պետք է ոչնչացնել այն ուժերին, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ: Ես անձամբ ամբողջ կյանքս սեպ եմ խրել այդ հարաբերությունների մեջ»: