Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ.Երանոսյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Տ.Երանոսյանը, ցանկանալով մասնակցել ՌԴ-ում գտնվող դստեր՝ 2014 թվականի նոյեմբերին կայանալիք պսակադրության արարողությանը, իրենից արտաքնապես չտարբերվող երկվորյակ եղբոր օժանդակությամբ փորձել է փախսուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։
Նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա եղբայրը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին այցելել է «Սևան» ՔԿՀ՝ Տ.Երանոսյանին տեսակցության, որի ժամանակ տեսակցությունների համար նախատեսված սենյակի մոտ գտնվող զուգարանում փոխվել են հագուստներով։ Ապա Տ.Երանոսյանը երկվորյակ եղբոր փոխարեն հսկիչ-անցագրային կետից վերցրել է վերջինիս անձնագիրը և դուրս եկել հիմնարկի վարչական տարածք, իսկ եղբայրը Տ.Երանոսյանի փոխարեն գնացել է ՔԿՀ-ի դատապարտյալների բնակելի գոտի։
Սակայն Տ.Երանոսյանը չի հասցրել հատել ՔԿՀ-ի մուտքի պահակակետը և դուրս գալ ՔԿՀ-ի տարածքից, քանի որ բռնվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Երանոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին