Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը մոտենում է կուլմինացիոն պահին:
Այսօր դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանի միջնորդությունը ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանին դատակոչելու վերաբերյալ: Լ. Գրիգորյանը հայտնեց, որ բոլոր տուժողներն անխտիր իրենց ցուցմունքներում տվել են այդ մարդու անունը, և համաձայն այդ ցուցմունքների` հենց նա պետք է որոշակի գործողություններ աներ` իրենց կողմից տրված գումարների դիմաց:
Փաստաբանի այս միջնորդությանը միահամուռ կերպով միացան բոլոր տուժողներն ու նրանց ներկայացուցիչները: Ավելին` միջնորդության դեմ չառարկեց և նույնիսկ կողմ արտահայտվեց ամբաստանյալի փաստաբան Հունան Բաբայանը:
Դավիթ Սարգսյանին դատարան կանչելու և հարցաքննելու դեմ առարկեց միայն մեղադրող դատախազը: Նա իր առարկությունը հիմնավորեց նրանով, որ նախաքննական մարմինը նրան հարցաքննելու ընթացքում եկել է այն եզրահանգման, որ մեղադրանքի հետ նա առնչություն չունի:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ Դավիթ Սարգսյանին դատակոչելու միջնորդությանը առարկեց միայն դատախազը, փաստաբան Լիանա Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ համար էլ մի փոքր անհասկանալի էր մեղադրողի դիրքորոշումը: Ես համոզված էի, որ նա էլ չի առարկի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությանը միացավ նաև պաշտպանական կողմը»:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե միգուցե սա վկայում է այն մասին, որ պետությունը շարունակում է իր թևի տակ պահել Դավիթ Սարգսյանին, փաստաբանն ասաց. «Ընդամենը կարող ենք ենթադրել, սակայն Դ. Սարգսյանի հարցաքննությունից հետո պատկերը շատ ավելի կպարզվի թե' մեղադրող կողմի, թե' պաշտպանական կողմի համար, նաև` դատավճիռը կայացնելիս էական հանգամանք կարող է հանդիսանալ»: