կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 09:33
Սպորտ

Սկանդինավյան պարտություն

Սկանդինավյան պարտություն

Հայաստանի հավաքականը Կոպենհագենում անցկացրեց իր առաջին հանդիպումը  Եվրո-2016 ընտարական փուլի շրջանակներում և կրեց իր առաջին պարտությունը:

 

Ինչպես հայտնի է, վնասվածքների պատճառով հանդիպումը բաց թողեցին հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը: Բայց անգամ այս հանգամանքը հաշվի առնելով՝ իրոք, թերացումները չափից շատ էին:

 

Նախ` անդրադառնանք առաջին խաղակեսին: Մեր ընտրանին խաղադաշտ էր դուրս եկել առանց առաջ քաշված մաքուր կենտրոնական հարձակվողի, այսպես կոչված` կեղծ ինը համարով, թեեւ մի քանի օր առաջ Շալանդը հայտարարել էր, որ այդ մարտավարությունն իր համար խորթ է:Կեղծ ինը համարը Էդգար Մանուչարյանն էր, որն էլ տապալեց հանդիպումը:

 

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ողջ հարձակման գիծը տապալվեց առաջին խաղակեսում: Մեր հավաքականն ամբողջ ուժերով պաշտպանվում էր, այն էլ` ոչ շատ վստահ:

 

Ֆուտբոլասերներն առաջին խաղակեսում տեսան միայն մեկ հավաքական՝ Դանիայի հավաքականը: Սակայն նույնիսկ այս պայմաններում մենք ընդմիջման չգնացինք պարտվողի դերում: Երկրորդ խաղակեսը կարծես կրկին սկսել էր դանիացիների առավելությամբ, բայց հիսուներորդ  րոպեին Մխիթարյանի անհատական վարպետության արդյունքում կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ: Մխիթարյանի գոլից հետո մեր հավաքականն անցկացրեց լավագույն տասը րոպեները, երբ մենք իսկապես սկսեցինք խաղալ ֆուտբոլ: Սակայն դանիացիները սթափվեցին ու տոնեցին կամային հաղթանակ: Ցավոք, տասը րոպեն բավարար չէ հաղթանակի  համար մի պարզ պատճառով, որ ֆուտբոլ խաղում են իննսուն րոպե:

 

Ինչպես միշտ, մեր հավաքականից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, նա ցուցադրեց բարձրակարգ խաղ:

 

Ամփոփելով նյութը` կցանկանայի անդրադառնալ Բեռնարդ Շալանդին: Շալանդի կեղծ ինը համարով մարտավարությունը չտվեց ոչ մի արդյունք,  քանի որ հարձակման գիծը զրո էր: Երկրորդ սխալը Մանուչարյանին իննսուն րոպե խաղի հնարավորություն տալն էր, ով ցուցադրեց իր վատագույն խաղերից մեկը:

 

Նշվածը վերլուծելուց հետո մնում է հավատալ և հուսալ, որ մեր ընտրանին 180 աստիճանով կփոխի իր խաղաոճը և  2016-ին կհայտնվի Ֆրանսիայում:

 

Արամ Հովհաննիսյան