կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 14:31
Տարածաշրջան

Մանրամասներ Թուրքիայի ընտրություններում հայերի աջակցությունը վայելող թեկնածուի կյանքից

Մանրամասներ Թուրքիայի ընտրություններում հայերի աջակցությունը վայելող թեկնածուի կյանքից

Թուրքիայում նախագահի քուրդ թեկնածու, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հարցազրույց է տվել Haberturk-ին:

 

Քուրդ թեկնածուն ասել է, թե հայրն աշխատում է իր փոքրիկ՝ սանտեխնիկայի խանութում, և լրագրողի այն հարցին, թե ինքը գլուխ հանո՞ւմ է նման աշխատանքներից, թե՞ ոչ, Դեմիրթաշը պատասխանել է. «Ես երկար տարիներ թե' սովորել, թե' ծորակ եմ վերանորոգել»:

 

Դեմիրթաշը հայտնել է, որ քաղաքական դաշտ մտնելու պատճառը չի եղել հարստություն կուտակելը, և հավելել է. «Ես կորցնելու շատ բան չունեմ»: Իսկ խոսելով նախագահի մյուս թեկնածուների մասին` ասել է. «Եթե նրանք ինքնավստահ են, ես պետք է նրանցից ավելի ինքնավստահ լինեմ»:

 

Դեմիրթաշը պատմել է նաև իր և ընտանիքի քրդական ծագման մասին:

 

«Այդ ժամանակ քրդերը թաքցնում էին իրենց քրդական ծագումը: Հայրս ու մայրս իրար հետ խոսում էին զազաերեն, իսկ մեզ հետ վախից` թուրքերեն: Ես միշտ զգում էի իմ քուրդ լինելը, բայց դրա իմաստը դպրոցական տարիքում հասկացա: Ես չէի պատկերացնում, որ քրդական ծագումը կարող էր այդքան նվաստացվել, անմարդկային վերաբերմունքի արժանացվել Թուրքիայում»,- ասել է նա:

 

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է ընտրել իրավաբանության ճյուղը և արդյո՞ք երբևէ բանտարկվել է, Դեմիրթաշը պատասխանել է. «Իզմիրում, երբ եղբայրս և ընկերներս միշտ դժվարանում էին փաստաբան գտնելու հարցում, իրավաբան դառնալու ցանկությունս ավելանում էր: Իսկ ինչ վերաբերում է բանտարկությանը` այո, 2-3 անգամ բանտարկվել եմ»:

 

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 10-ին: