կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 12:35
Քաղաքական

Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է. «Հետք»

Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է. «Հետք»

Hetq.am-ը գրում է, որ քաղաքացիների ջանքերը՝ փրկել պատմամշակութային հուշարձան ճանաչված Աֆրիկյանների ակումբը արդյունք չի տալիս:

 

«Ինչո՞ւ արդյունք չի տալիս, որովհետև դրա հետևում կանգնած է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարար, պետեկամուտների կոմիտեին նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը:

 

Գագիկ Խաչատրյանն, իհարկե, պաշտոնապես չի երևում, ինչպես իր մնացած բոլոր բիզնեսներում, բայց «խաղահրապարակում» իր հետ փոխկապակցված անձինք են:

 

 

Աֆրիկյանների տունը

 

 

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Եղբայրները եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել տարբեր գործարաններ, ձեռնարկություններ: Ակումբի շենքը եղել է հավաքատեղի քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի համար։ 1913թ. շենքը եղել է քաղաքային ակումբ և պատկանել է Առաքել Աֆրիկյանին։ 1926 թ. շենքը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն են հաստատել մոտ 30 ընտանիք։

 

Գագիկ Խաչատրյանի բիզնեսի «բանալին» Սայաթ-Նովա 20, բնակարան 53-ում է

 

Աֆրիկյանների ակումբն այժմ ապամոնտաժում է «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է 2009թ. «Դվին Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից, սակայն այժմյան 100-տոկոսանոց բաժնետերը Հարություն Համլետի Թադևոսյանն է: «Միլենիում կոնտրակշեն» ընկերությունը գրանցված է Երևանի Սայաթ-Նովա 20, բն. 53 հասցեում: Այցելեցինք նշված հասցե՝ տնօրեն Թադևոսյանի հետ հանդիպելու ակնկալիքով:

 

Մուտքի զանագին (դոմոֆոնին) պատասխանեց տարեց մի կին: Ասաց՝ հասցեն բնակելի է: Տիկինը որևէ կազմակերպության և այդ հասցեում դրա գրանցման մասին տեղյակ չէր: Հավաստիացրեց, որ Հարություն Թադևոսյան անվամբ մարդ չի ճանաչում, իսկ բնակարանը Սեդրակ և Նինա Ջավադյաններինն է: Ինքը Նինա Ջավադյանի մայրն է: Սեդրակ Ջավադյանը «Ակբա-Կրեդիդ Ագրիկոլ բանկի»-ի գլխավոր հաշվապահն է, «Ակբա ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի 10 տոկոս բաժնեմասի բաժնետերը: Մեզ հետ զրույցում Սեդրակ Ջավադյանը նշեց, որ ինքն Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգվող անձանցից մեկն է և որևէ առնչություն չունի «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ի հետ:

 

Բնակարանը ձեռք է բերել 2012թ. մայիսին, որտեղ այժմ ապրում է զոքանչը: Իսկ բնակարանը գնել է Տիգրան Շահրամանյանից, ով աշխատում է «Մեգա Ֆուդ» ընկերությունում: ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մեգա Ֆուդ» ընկերությունում մինչև 2012թ. բաժնեմաս են ունեցել Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Այժմ փաստացի բաժնետերը ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանն է՝ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին:

 

Տիգրան Շահրամանյանը «Մեգա Ֆուդ» ընկերությունում զբաղեցնում է Արտաքին կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը: «Ես ավելորդ քոմենտարիաներ իրավասու չեմ տալու: Կան որոշակի հարցեր, որը որ...եթե Ձեզ ինչ-որ ինֆորմացիա է հետաքրքրում, Ձեր համարը կարող եք թողնել, ես կխնդրեմ՝ պատասխանատու մարդ Ձեզ կզանգի, բացատրություններ կտա»,-եղավ Տիգրան Շահրամանյանի պատասխանը՝ մեր հարցին, թե ինչ կապ ունի «Միլենիում Կոնտրակշեն» ընկերության հետ, որը գրանցված է եղել իր բնակարանում: Մինչ հոդվածի հրապարակումը «պատասխանատու անձը» այդպես էլ չզանգեց:

 

«Մեգա Ֆուդ» ընկերության գտնվելու իրավաբանական հասցեն նույն՝ Հարություն Թադևոսյանի գրանցման հասցեն է՝ Մարգարյան 20/3, բնակարան 2: Հարություն Թադևոսյանը նաև Գագիկ Խաչատրյանի անվան հետ առնչվող մեկ այլ՝ «Մեգաթոյ» ՍՊ ընկերության բաժնետերն է: Այս ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարություն Թադևոսյանը երկրում չէ, Հայաստանում կլինի հուլիսի 10-ից հետո: Աննա Ավետիսյանն այսօր փոխանցեց Հարություն Թադևոսյանի էլեկտրոնային հասցեն, ասելով, որ հարցերը կարող ենք այդ հասեցով ուղարկել:

 

Հարցերը արդեն ուղարկել ենք, պատասխաններ ստանալուց հետո հոդվածում կավելացնենք Հարություն Թադևոսյանի պատասխանները: «Ակբա»-ի գլխավոր հաշվապահ Ս. Ջավադյանը դեռ տեղյակ չէ, որ իր գնած բնակարանում՝ Սայաթ-Նովա 20, բն. 53 հասցերում (հիշեցնենք՝ «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ի գրանցման հասցեն է) Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց այլ ընկերություններ էլ են գրանցված:

 

«Ապեյրոն», «Մեգամոթորս» և «Գալաքսի Կոնցեռն» ՍՊԸ-ները, որոնց 50/50 բաժնեմասի սեփականատերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են՝ Արտյոմը և Գուրգենը, իրենց պետռեգիստրի տվյալներում գործունեության և իրավաբանական հասցե նշել են Սայաթ-Նովա 20, բն. 53-ը»,- գրում է կայքը:

 

Մանրամասն` այստեղ: