կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 14:35
Քաղաքական

Տիգրան Սարգսյանի ագրեմանը հասե՞լ է ԱԳՆ

Տիգրան Սարգսյանի ագրեմանը հասե՞լ է ԱԳՆ

Դեսպան նշանակելը նախագահի լիազորությունն է, եւ նախագահն է որոշել Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել. Yerkir.am-ին այսօր ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը' պատասխանելով հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Վարդանյանին' Վրաստանում դեսպան նշանակելը:

 

Փոխարտգործնախարարից հետաքրքրվեցինք նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ -ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ, քանի որ օրերս մամուլում տեղեկատվություն շրջանառվեց, որ ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ կառավարությունից արդեն ստացել է Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու վերաբերյալ ագրեմանը: Շավարշ Քոչարյանը նշեց, թե երբ լինի համապատասխան նշանակումը,  ԱԳՆ-ն պատշաճ կարգով կիրազեկի այդ մասին:

 

Փորձեցինք ճշտել' Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն հասե՞լ է ԱԳՆ: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե արդեն ասաց' եթե համապատասխան նշանակումը լինի, այդ մասին իրենք կտեղեկացնեն, ապա հավելեց. «Ես շատ պարզ բան եմ ասում` ավելին ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող ասել, երբ որ լինի հրամանագիրը, դուք կկարդաք»:

 

Yerkir.am-ը հետաքրքրվեց նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացից, մասնավորապես' կարծիքներ էին հնչել, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, կարծես, հետաձգվում է, ինչին փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի կարծես էլ չկա, կա 3 նախագահների որոշումը' մինչեւ հուլիսի 1-ը նախապատրաստել պայմանագիրը ստորագրման, եւ այդ գործընթացը շարունակվում է»: