կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 11:41
Քաղաքական

Հանդուրժել անարխիան` նշանակում է վտանգել երկիրը. վարչապետին բարկացրե՞լ են ակտիվիստները

Հանդուրժել անարխիան` նշանակում է վտանգել երկիրը. վարչապետին բարկացրե՞լ են ակտիվիստները

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսեց` իրեն խիստ անհանգստացնող մի երևույթի անդրադառնալով: Ըստ նրա` հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը, ինչպես, օրինակ, պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումն է»:

 

Վարչապետը նշեց, որ թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:

 

«Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն, ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը արտահայտելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքը, բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները»,- ասաց նա` հավելելով, որ նման դեպքերում դա ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է: «Հանդուրժել անարխիան,- շեշտեց նա,- նշանակում է վտանգել երկիրը»:

 

Հովիկ Աբրահամյանն ի լուր բոլորի հայտարարեց, որ ինքը դա չի հանդուրժի և հանձնարարեց արդարադատության նախարարին և ոստիկանապետին` քննարկել այդ հարցը և լուծումներ առաջարկել` թե’ օրենսդրական և թե’ կազմակերպական:

 

Նա պատվիրեց նախարարին և ոստիկանապետին անհրաժեշտության դեպքում հրավիրել իրենց եվրոպացի գործընկերներին, որ ուսումնասիրեն նրանց փորձը, անցկացնեն ուսուցում, բայց ապահովեն, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահամանադրական ազատությունները և, միաժամանակ, կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում: