կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 18:31
Իրավական

«Յունիբանկի» պարզաբանումը Yerkir.am-ի հրապարակումների վերաբերյալ

«Յունիբանկի» պարզաբանումը Yerkir.am-ի հրապարակումների վերաբերյալ

«Յունիբանկը» Yerkir.am-ի հրապարակումների վերաբերյալ խմբագրությանը նամակ է հղել: Հարգելով յուրաքանչյուրի՝ պարզաբանում տալու իրավունքը` ստորեւ հրապարակում ենք բանկի նամակն ամբողջությամբ:

 

«Ս.թ. հունիսի 5-ին և հունիսի 9-ին yerkir.am կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործարար համբավի և հեղինակության արատավորմանը: Հաշվի առնելով հրապարակված տեղեկատվության անհեթեթությունը և ակնհայտ դիտավորությունը` վարկաբեկելու բանկի գործունեությունը, անգամ ավելորդ ենք համարում պատասխանել տվյալ «վերլուծական» հոդվածներին:

 

Կարծում ենք, հանրությունը քաջատեղյակ է, որ Յունիբանկը Հայաստանի ամենավստահելի և կայուն բանկերից մեկն է, ինչի մասին վկայում են մեր ֆինանսական ցուցանիշները և 240 000 հաճախորդների թիվը: Միևնույն ժամանակ պահանջում ենք yerkir.am-ի խմբագրությունից սեղմ ժամկետներում հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար: Բանկը նաև իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմել դատարան` բարի համբավը և իր հաճախորդների շահերը պաշտպանելու համար»:

 

Yerkir.am- Մեր կողմից հավելենք, որ որեւէ դիտավորություն մեր հրապարակումներում չկա, որեւէ մեկի գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելու խնդիր՝ առավել եւս: Yerkir.am-ը երբեք չի տրվել ստահոդ լուրերի տարածման գայթակղությանը, ավելին՝ մեր հրապարակումները հետապնդել են միայն մեկ նպատակ՝ պաշտպանել քաղաքացիների շահերը` զերծ պահելով նրանց ֆինանսական հնարավոր կորուստներից: