կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 16:06
Հասարակություն

Ի՞նչ է թաքցնում «Սպայկան»

Ի՞նչ է թաքցնում «Սպայկան»

«Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերության սառնարանային համալիրում տեղի ունեցած խոշոր հրդեհից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն հարցը, թե ո՞րն էր, ի վերջո,  հրդեհի առաջացման պատճառը, մինչ օրս պատասխան չի ստացել:

 

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել 2013թ. մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը, որի հետևանքով այրվել էին ընկերության 15 հազար քմ տարածք ունեցող սառնարանային տնտեսությունը, արտադրական հոսքագծերը և պլաստմասսայե իրեր։ Հրդեհին հաջորդած օրերին մամուլում շրջանառվեցին հրդեհի առաջացման մի քանի վարկածներ` մրցակից ընկերության կողմից «վատություն» անելու հանգամանքից մինչև այն, որ հնարավոր է հենց ընկերությունն է ծրագրել դա` բանկերում ունեցած մեծաքանակ վարկերի տոկոսների վճարումը սառեցնելու և ապահովագրողից կլորիկ գումար ստանալու նպատակով:

 

Խուսափելով հրդեհի առաջացման վերաբերյալ ենթադրյալ կարծիքներ հնչեցնելուց և վստահ լինելով, որ փորձաքննության պատասխանները վաղուց ստացվել են, եւ դեպքից մեկ տարի անց ընկերությունը դժվար թե չհայտնի պատճառները, հարցում ուղարկեցինք «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին: Ի պատասխան մեր հարցմանը` «Սպայկա»-ից հայտնեցին, որ հրդեհի պատճառներն ու հետևանքները փորձաքննության են ենթարկվել տեղական ու միջազգային փորձագետների կողմից, որոնց եզրահանգումների հիման վրա պատճառված վնասի ապահովագրված մասն ամբողջությամբ փոխհատուցվել է:  

 

Yerkir.am-ի տեղեկություններով` «Սպայկայի» հրդեհի առաջացման վերաբերյալ փորձաքննությունն արվել է «ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

 

Ընկերությունից մեզ նաև հայտնեցին, որ հրդեհի հետևանքով Արշակունյաց 252 հասցեում գտնվող` «Սպայկա» ընկերության սառնարանային համալիրն ամբողջությամբ շարքից դուրս է եկել և այլևս ենթակա չէ վերականգման: Փոխարենը ներկայումս ընկերությունն իր գործունեությունն է շարունակում նոր` Բագրատունյաց 70/18 հասցեում գտնվող սառնարանային համալիրում: Սակայն մեր բուն հարցին`  փորձաքննության արդյունքներով`  ո՞րն է եղել հրդեհի առաջացման պատճառը, ընկերությունն այդպես էլ չէր պատասխանել: Մեր բանավոր հարցին ի պատասխան, «Սպայկա»-ի մամլո պատասխանատուն նշեց, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

 

«Սպայկան» ձեռնպահ էր մնացել նաև ապահովագրական ընկերության անվանումը, ինչպես նաև փոխհատուցված գումարի չափը հայտնելուց: «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չլուսաբանել ապահովագրական ընկերության անվանումը և այլ մանրամասներ` հնարավոր շահարկումներից խուսափելու համար»,- ասված էր պատասխանում:

 

Նշենք, որ ընկերության գույքը վերաապահովագրված է եղել օտարերկրյա ապահովագրական ընկերության կողմից:

 

Հետաքրքիր է` ի՞նչ ունի հանրությունից թաքցնելու  ապահովագրական փոխհատուցումն արդեն իսկ ստացած ընկերությունը: