Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից 30-ը մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում: Հավաքն ավարտվել է երեկ՝ երկկողմանի խաղով, որից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ:
-Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հավաքը:
-Հավաքի բուն նպատակը ճանաչողական էր, փորձարկվեցին մեծ թվով նորեկներ, երիտասարդ խաղացողներ: Ընդհանուր առմամբ, մենք ստացանք այն, ինչ ուզում էինք: Իմ կարծիքով, հրավիրված ֆուտբոլիստների մեջ կան լավ ներուժ ունեցող տղաներ, որոնք հետագայում կամրապնդվեն հավաքականում:
-Փաստորեն, այս հավաքին մասնակցում էին միայն ներքին առաջնությա՞ն ֆուտբոլիստները:
-Այո, որովհետև իմաստ չկար հրավիրելու լեգեոներներին, որոնց կարողություններին մենք շատ լավ ծանոթ ենք: Այդ պատճառով մենք հրավիրել էինք Հայաստանի առաջնությունում աչքի ընկած ֆուտբոլիստներին: Մեր հիմնական նպատակներից մեկը թիմի կազմը երիտասարդացնելն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարեց ֆուտբոլիստներով դժվար է արդյունավետ հանդես գալ Եվրոպայում:
-Ովքե՞ր են ընդգրկված հավաքականի մարզչական շտաբում:
-Ինձ օգնում են Զոհրապ Նիազյանը և դարպասապահների մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը:
-Ի՞նչ ծրագրեր կան ապագայում:
-Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշչի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեսզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի:
-Ձեր կարծիքով, այս կազմով, գումարած արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, հնարավո՞ր է լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:
-Մարզումների ժամանակ ես տեսնում եմ խաղացողների ներուժը, բայց իրական պատկերը կերևա միայն ընկերական խաղերի ժամանակ: Միայն դրանցից հետո մենք կկարողանանք ավելի ամբողջական կարծիք կազմել մեր հնարավորությունների մասին: Շատ բան կախված կլինի նաև վիճակահանության արդյունքներից: Ամեն դեպքում աշխատելու ենք լիարժեք ուսումնասիրել մեր մրցակիցներին, որպեսզի կարողանանք ապահովել պատշաճ արդյունք: