կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 14:57
Իրավական

Նոր Նորքի զինկոմիսարիատի տեսուչին կալանավորել են

Նոր Նորքի զինկոմիսարիատի տեսուչին կալանավորել են

Առանձնապես խոշոր չափերի կաշառքի միջնորդության համար ձերբակալված` Նոր Նորքի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը մարտի 29-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հովհաննիսյանի պաշտպան` փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով արդեն բողոքարկել է դատարանի հիշյալ որոշումը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:

 

Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում,  նա կալանավորվել է Նոր Նորքի զինկոմիսարիատի զինկոմ Ռաֆայել Զախարյանի` կաշառք ստանալու վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում: Հիշենցնենք, որ Զախարյանը ձերբակալվել է մարտի 19-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

 

Հովհաննիսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, սակայն,  համոզված է, որ իր պաշտպանյալը սխալ ժամանակի հայտնվել է սխալ վայրում և արդյունքում` նման կարգավիճակում: Փաստաբանի խոսքով` որևէ ապացույց չկա, որ իր պաշտպանյալը միջնորդել է կաշառք պահանջելուն:

 

«Նա սովորական իր առօրյա աշխատանքն է կատարել: Եթե ինչ-որ պայմանավորվածություններ էլ եղել են, Տիգրանը դրան չի մասնակցել: Պարզապես զինկոմը Տիգրանին հրավիրել է իր մոտ, որպեսզի մի զորակոչիկի գործ բերի, ինչը Տիգրանի սովորական պարտականությունն է: Տիգրանը գնացել է ներկայացնելու գործը, սակայն քանի որ զինկոմի մոտ մարդ է եղել, սպասել է, որպեսզի թույլատրեն` մինչև մտնի,  և այդ պահին տեղի է ունեցել ձերբակալումը: Կոպիտ ասած` ձեռի հետ կալանավորել են»,- դեպքը նկարագրեց Աթանեսյանը և հավելեց, որ իր պաշտպանյալը մանրամասն ցուցմունք է տվել դեպքի վերաբերյալ:

 

Ըստ նրա` Հովհաննիսյանը պետք է հայտնվեր ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում: