կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 13:17
Քաղաքական

Գալուստ Սահակյանը չգիտի` լացի՞, թե՞ ծիծաղի

Գալուստ Սահակյանը չգիտի` լացի՞, թե՞ ծիծաղի

«Չգիտեմ` լա՞մ, թե՞ խնդամ, սա զավե՞շտ է, թե՞ հումոր»,- այսօր ԱԺ նիստում այսպես իր ելույթը սկսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ իր խոսքն ուղղելով ընդդիմությանը և այլընտրանքին:

 

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

 

Գալուստ Սահակյանը մեջբերեց այլընտրանք քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկի այն կարծիքը, որ եթե կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական ներկայացնի, ապա չորս ուժերը կհրաժարվեն կառավարությանը հրաժարական ներկայացնելու որոշումից:

 

«Սա հավի և կորեկի պատմությունն է դառնում, սա շահարկում չի, սա ծես է, որը անբնական է ու ոչ հայկական: Ամեն երկուշաբթի մի անմտություն պետք է բերեն, քննարկեն: Մարդու ուղեղը լվացքի մեքենա չի, երբ ուզենա լվա, երբ ուզենա մզի: Ի՞նչ Ալեքսանդր Սարգսյան, ի՞նչ Գագիկ Բեգլարյան, ի՞նչ կապ ունեն նրանք հարցադրման հետ: Հլը քեզ նայի, քո տրամադրությանը նայի... Ո՞ր օջախից ես դուրս եկել, ո՞ւր ես գնում, ո՞վ ա քեզ թույլ տվել… Դուք ընդամենը ուզում եք ամբոխ հավաքել: Ամբոխը դրական գործիք չէ, ժողովուրդն է դրական գործիք: Իսկ դուք չեք կարողանալու ժողովուրդ հավաքել»,- հեգնեց Գալուստ Սահակյանը:

 

Նրա համոզմամբ՝ ամբոխը չարիք է, որը վերացրեց մի ամբողջ պետություն՝ Ուկրաինան: Գալուստ Սահակյանի խոսքով՝ մեկ ամիս էլ չի անցել քառասուն համայնքներում ընթացած ընտրություններից, որոնցում հաղթեց Հանրապետական կուսակցությունը:

 

«Դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ: Էս նախարարը էսպես ասեց, էնպես ասեց... Քննարկումը վերածում եք վեճի: Եթե ամբիոնից խոսք եք ասում, դա չի նշանակում, որ փառահեղ եք, դուք ընդամենը կուսակցական խոսք եք ասում: Դուք ովքե՞ր եք և ի՞նչ եք ուզում անել»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ մեջբերելով Թումանյանի խոսքերը՝ ամբոխի ու ժողովրդի համեմատության մասին: