կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 15:52
Հասարակություն

Երկու ամսական երեխան նոպա է ունեցել, բժիշկ չի եղել կողքին

Երկու ամսական երեխան նոպա է ունեցել, բժիշկ չի եղել կողքին

Վերակենդանացման բաժնում գտնվող 2 ամսական երեխայի մասին Yerkir.am-ը երեկ նյութ էր հրապարակել: Իսկ այսօր առավոտյան երեխայի մայրը` Սվետա Հարությունյանը, մեզ ահազանգեց, որ երեխան առավոտյան վատացել է, սակայն օգնություն ցույց տվող բժիշկ չի եղել նրա մոտ:

 

Նա ահաբեկված պատմում էր, որ այդ մասին ժամեր առաջ վերակենդանացման բաժնից դուրս եկած ծնողներից մեկից էր պատահաբար լսել: Անմիջապես գնացել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մոտ, պատմել եղածը, սակայն սպասվածի հակառակ արձագանքն էր ստացել: «Տնօրենը գոռում էր` քո էրեխեն վատ ա, քո էրեխու կյանքը մազից ա կախված: Ե՞րբ է լավ եղել, որ հիմա էլ վատ ա: Ես ասում եմ` ոչ մեկի չբողոքեմ, մարդկային լինեմ, հետս ինադ չընկնեն, բայց չի ստացվում»,- բողոքեց կինը:

 

Սվետան պատմեց նաև, որ ավելի ուշ մի քանի անգամ խնդրել է, որ երեխայի մոտից կաթի շիշը բերեն, որ կաթը դրա մեջ լցնի, տանեն երեխայի մոտ, սակայն չեն բերել: «Երևի մի քսան րոպե սպասել եմ, որ բերեն: Տեսա` ճար չկա, առանց բժշկի թույլտվության մտա ներս ու վերցրեցի շիշը, ու էդ պահին էլ իմ էրեխու կողքին ոչ մեկը չկար: Հետո էլ էդ աղջիկը, որ եկավ, ասեցի, որ շիշը ես իմ ձեռքով եմ եկել, վերցրել ու փորձվի մեկնումեկը վրաս խոսա, ասեց` մի ջղայնացի, հիմա շատ խառն ենք»,- պատմեց երեխայի մայրը:

 

Խնդրի վերաբերյալ Yerkir.am-ը ահազանգեց առողջապահության նախարարություն: Որոշ ժամանակ անց մոր ու մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը հայտնեց, որ զրուցել է փոխտնօրենի և բուժկենտրոնի վերակենդացման բաժնի վարիչի հետ:

 

Ն. Փաշայանին հայտնել են, որ երեխան օրը 2-3 անգամ ցնցումներ է ունենում, որոնք ուղեկցվում են սրտի աշխատանքի դանդաղումով, և երեխայի վատանալն արտառոց երևույթ չէ: Նման դեպքերում կատարվում է միջամտություն:

 

Ինչ վերաբերում է երեխայի մոտ մասնագետի չլինելուն, ապա Ն. Փաշայանն ասաց. «Ես չգիտեմ, թե որքանով է հավաստի դա: Ինձ ասացին, որ այդ պահին բուժքույրն է եղել, այնուհետև կանչել է բժիշկներին»:

 

Նունե Փաշայանին հայտնել են նաև, որ երեխան երկու անգամ արյուն է ստացել հաստատության հաշվին, թեև, ըստ կարգի, արյուն կամ արյան փոխարինիչ պետք լինելու դեպքում հիվանդի հարազատներն են արյունը տալիս:

 

Ի դեպ, նշենք, մեր նախորդ նյութում անդրադարձել էինք այս խնդրին: Yerkir.am-ին պատմել էին, որ նախ` Սվետային ասել են, որ պետք է արյուն առնել, իսկ երբ արյուն հանձնող կամավոր է գնացել հիվանդանոց, բարկացել են` ասելով, թե ոչինչ պետք չէ:

 

Նունե Փաշայանը Yerkir.am-ին ասաց նաև, որ բուժկենտրոնի ղեկավարությանը հորդորել է առավել հոգատար և պատասխանտու լինել աշխատանքում:

 

Ա.Կ