կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 16:29
Հասարակություն

2 ամսական երեխան պայքարում է կյանքի համար

2 ամսական երեխան պայքարում է կյանքի համար

20-ամյա Սվետա Հարությունյանը արդեն մեկ շաբաթ է` հետևում է իր երկու ամսական բալիկի առողջությանը վերակենդանացման բաժանմունքի ապակիների մյուս կողմից:

 

«Շատ ծանր է` ապարատային շնչառությունով: Ցնցումները պակասել են, բայց դեռ կան, ամեն ինչ արվում է: Տեսնենք` դուրս կգա՞, թե՞ չէ: Ինքը ծայրահեղ ծանր շոկային վիճակով է ընդունվել, քաշի դեֆիցիտ է ունեցել, այսինքն` երկու ամսականում ունեցել է այնքան քաշ, որքան նոր ծնված ժամանակ»,-  Yerkir.am-ին երեխայի առողջական վիճակի մասին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

 

Իսկ Սվետայի ընկերուհին` Քրիստինա Աբրահամյանը, ով ներկայումս միակ մարդն է, որ նրանց կողքին է, հայտնեց, որ երեկ երեկոյան երեխան գիտակցության է եկել, բացել աչքերը: Հերթապահ բժիշկն ասել է, որ եթե այսպես շարունակվի, թույլ կտան, որ մայրն ավելի երկար մնա երեխայի մոտ, գուցե նույնիսկ կարողանա կրծքով կերակրել. «Հիմա 2-3 ժամը մեկ կրծքի կաթը տալիս է, որ զոնդով քթիկից տալիս են երեխային»,- ասաց Քրիստինեն:

 

Մոտ երեք օր առաջ նա «Ֆեյսբուք»-ում հայտարարել էր, որ երեխայի համար արյուն է պետք հանձնել: Օգտատերերից Էլենը, արձագանքելով գրառմանը, հաջորդ օրն առավոտյան գնացել է հիվանդանոց` արյուն հանձնելու: «Բժիշկը, ինձ տեսնելով, խառնվում է, սկսում էդ երեխայի մամայի վրա մուննաթ գալ, թե` մենք քեզ ասել ենք, որ ինչքան արյուն պետք է, մենք կտանք»,- մեզ հետ զրույցում պատմեց Էլենը:

 

Իսկ Քրիստինեն ասաց, որ իր մոտ ֆիքսված է հեռախոսահամարը, որով զանգել են իրեն, ասել, որ արյան պլազմա պետք է գնել` արժեքը 15 հազար դրամ է. «Քանի որ երեխայի կյանքի հետ է կապված, ես էլ չեմ ցանկացել խոսել իրավունքների մասին, միայն «Ֆեյսբուք»-ում գրել եմ, որ ով կարողանա` օգնի»,- ասաց նա:

 

Ի դեպ, մեր հարցին` արդյո՞ք երեխան հիմա արյան կամ դեղորայքի կարիք ունի, Աննա Չոբանյանը բարկացած պատասխանեց. «Ինչո՞ւ եք նման հարց տալիս: Ամեն ինչ արվում է, դեղորայքը մերն է բոլորը, իրենց ոչինչ չի էլ ասվել»: 

 

Քրիստինեն պատմեց նաև, որ սկզբում Սվետային նույնիսկ որևէ պալատում տեղավորել չեն ցանկացել` պատճառաբանելով, թե չգիտեն` երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելուց հետո որ բաժին կտեղափոխվի. «Երեխայի մաման միջանցքներում, պատուհանների տակ էր: Ես ասում եմ կերակրող մայր է, որտե՞ղ կաթը կթի, որ տան էրեխուն, միջանցքո՞ւմ: Հետո հասանք նրան, որ մի մահճակալ տվեցին պալատում»,- պատմեց Քրիստինեն:

 

Ներկայումս, բարի մարդկանց աջակցությամբ, երեխան և մայրը ոչնչի կարիք չունեն` փող, սնունդ, տակդիրներ փոխանցել են: Սվետան միայն մարդկային կարեկցանքի  և ընկերակցության կարիք ունի. հիվանդանոցում մենակ մնալը ծանր է տանում:

 

Նշենք նաև, որ Սվետան մանկատան սանուհի է, ունի երկու անչափահաս քույր, ովքեր ապրում են մանկատանը: Իսկ մինչև ծննդաբերությունը և երեխայի ծնվելուց հետո էլ ապրել է «Լայթ Հաուս» բարեգործական հիմնադրամի ապաստարանում:


Սվետայի ամուսինը թողել-հեռացել է. «Ամուսինն անհետ կորած է, ես իրեն զանգեցի, որ ասեմ, թե իր երեխան ինչ վիճակի մեջ է, բայց հեռախոսն ինչ-որ աղջիկ է վերցնում, ասում, որ էս համարն արդեն երկու տարի է` իր մոտ է»,- պատմեց Քրիստինեն:

 

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ամենայն հավանականությամբ, Սվետան նորից ապաստարան է վերադառնալու, քանի որ գնալու այլ տեղ չունի:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ