կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-01 13:43
Տնտեսական

Տուրիստները Հայաստան ավելի շատ գալիս են գործնական նպատակներով, իսկ Հայաստանից մեկնում են հանգստի ու ժամանցի

Տուրիստները Հայաստան ավելի շատ գալիս են գործնական նպատակներով, իսկ Հայաստանից մեկնում են հանգստի ու ժամանցի

Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 957 հազար 240 զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից զբոսաշրջության նպատակով նույն ժամանակահատվածում մեկնել է 906 հազար 154 մարդ: 2012 թվականի ցուցանիշների համեմատ` այս ցուցանիշները 2013 թվականին աճել են, համապատասխանաբար, 13.5 եւ 12.3 տոկոսով:

 

Այս տվյալները, ինչպես նշում է ԱՎԾ-ն, ստացվել են` ըստ հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների:

 

Հատկանշական է, որ, ըստ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության հաշվարկված տվյալների, 2013 թվականին Հայաստան ժամանած 957 հազար 240 ուղեւորներից, որոնք զբոսաշրջիկ են համարվում, հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում տեղավորվել են ընդամենը 148 հազար 730-ը: Իսկ մնացած 808 հազար 510 հոգին տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ այլն: Իսկ Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնած 906 հազար 154 մարդուց ընդամենը 8 հազար 62 մարդու ուղեւորությունն է կազմակերպվել զբոսաշրջային գործակալությունների կողմից, մնացած 898 հազար 92 մարդը մեկնել է ինքնուրույն:

 

Եթե 2012 թվականին միջազգային զբոսաշրջիկներ ընդունած հյուրանոցների քանակը Հայաստանում եղել է 54-ը, ապա 2013 թվականին արդեն 77 հյուրանոցներ են ընդունել միջազգային զբոսաշրջիկների: Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2013թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 27.8 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.3 տոկոսը` ԵՄ եւ 35.9 տոկոսը` այլ երկրների: Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից` 22,7 տոկոս: Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել նաև ԱՄՆ-ից` 12,2 տոկոս, Ֆրանսիայից` 7,7 տոկոս, Իտալիայից` 6.3 տոկոս, Գերմանիայից` 6.1 տոկոս, Իրանից` 5,8 տոկոս եւ այլն:

 

Հայաստան այցելած զբոսաշրջիկների 31,9 տոկոսը այցելել են գործնական նպատակներով, 27,3 տոկոսը` հանգստի եւ ժամանցի, 0,4 տոկոսը` բուժման եւ 40,3 տոկոսը` այլ նպատակներով: Իսկ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներից միայն 9,5 տոկոսն է մեկնել գործնական նպատակներով, 37,8 տոկոսը` հանգստի եւ ժամանցի, 52,7 տոկոսը` այլ նպատակներով:

 

Գեւորգ Ավչյան