կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 15:50
Հասարակություն

Կոռուպցիա, խոշտանգումներ, վերահսկողություն. ԱՄՆ-ի զեկույցը Հայաստանի մասին

Կոռուպցիա, խոշտանգումներ, վերահսկողություն. ԱՄՆ-ի զեկույցը Հայաստանի մասին

 ԱՄՆ պետդեպարտամենտը փետրվարի 27–ին հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը, որում նշվում է, որ ՀՀ-ում 2013-ին մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խնդիրներն են եղել կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկության պակասը, քաղաքացիների` իրենց կառավարությունը փոխելու հնարավորության սահմանափակումները,  դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

 

Զեկույցում ասվում է, որ թեեւ 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն անցել են, ընդհանուր առմամբ, բաց ու թափանցիկ (ԵԱՀԿ-ի գնահատականի համաձայն), և  թեկնածուներն  ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորություն են ունեցել, ընտրությունների գործընթացում եղել է պետական միջոցների չարաշահում (իշխող կուսակցությանը աջակցելու նպատակով), ընտրակաշառք բաժանելու արժանահավատ մեղադրանքներ, շարունակական թերություններ:

 

«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա այստեղ պակասել են մտքերի զանազանությունը և քաղաքական համոզմունքները»,- ասվում է զեկույցում:

 

Դատարանները, ինչպես նշվում է զեկույցում, շարունակում են քաղաքական ճնշման ենթարկվել գործադիր մարմնի կողմից: Իշխանությունները շարունակում են  առանց հիմնավոր պատճառների ձերբակալել բազմաթիվ կասկածյալների, կամայականորեն կալանավորել անհատների:

 

«Ոստիկանությունը, ենթադրաբար, շարունակել է խոշտանգումների միջոցով խոստովանական ցուցմունքներ ստանալ, ինչպես նաև քաղաքացիներին ծեծի ենթարկել ձերբակալության ու հարցաքննության ժամանակ»,- նշվում է զեկույցում:

 

Դատական գործընթացները հիմնականում երկար են ձգվում, իսկ դատարաններն արդար դատավարություններ ապահովող օրենքներ չեն կիրառում:

 

«Մինչ օրս իշխանությունները 2008-ի նախագահական ընտրությունների հետընտրական բախումների հետևանքով գրանցված 10 մահերի համար որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել»,- եզրափակում է ԱՄՆ պետդեպարտամենտը: