Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն' «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի տարածքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի' ըստ օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը սահմանվել է 10 տարի:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքերով' նախատեսվում է ազատ տնտեսական գոտում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել մոտ 120-150 ընկերություն, ինչի շնորհիվ, ըստ նախնական ակնկալիքների, կստեղծվեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր եւ կապահովվի տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում:
«Ընդհանուր առմամբ, ներդրումների ծավալը կազմում է շուրջ 10 միլիոն դոլար: Մենք ակնկալում ենք, որ վերջնականորեն ծրագիրը հաստատելուց հետո արդեն իսկ ամբողջովին ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչեւ 2015 թվականը»,- նշեց Վահրամ Ավանեսյանը:
Անդրադառնալով այս հարցին' վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե կառավարությունն այս աշխատանքին նախապատրաստվել է բավականին երկար, հիշեցրեց, որ Երևանում տեղի ունեցավ աշխարհի ոսկերիչների մեծ համագումար, այն ժամանակ էլ այս հարցը քննարկվեց, եւ ազատ տնտեսական գոտի ստեղծելու այս նախաձռնությունը գալիս է մասնավոր հատվածից:
Ըստ վարչապետի` Հայաստանն այս արտադրաարդյունաբերական ոլորտներում' ոսկերչության, ակնագործական եւ ժամագործական, լուրջ ներուժ ունի, եւ ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որ զբաղվում են այդպիսի գործունեությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները:
«Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ 1000-ից ավելի աշխատատեղ կստեղծվի, իսկ դա նշանակում է, որ մեծ պահանջարկ է լինելու աշխատուժի»,- շեշտեց վարչապետը: