կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 13:59
Քաղաքական

Հանդիպում՝ ՀՅԴ եւ ՄԲ Լեյբորիստական պատգամավորների միջեւ

Հանդիպում՝ ՀՅԴ եւ ՄԲ Լեյբորիստական պատգամավորների միջեւ

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փետրվարի 20-ին հանդիպել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի կազմից՝ Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության անդամներ Սթիվեն Փաունդի և Մայք Գեյփսի հետ. տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, Արցախի հիմնահարցի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաեւ Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը վերաբերող հարցեր։

 

Աղվան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել  բրիտանացի պատգամավորներին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հետ հարաբերությունների սերտացման գործում իրենց ջանքերի համար։

 

ՀՅԴ Անգլիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` 2007թ. օգոստոսին Սթիվեն Փաունդը առաջին անգամ այցելել է ՀՀ եւ Արցախ։ Հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտոնատար այլ անձանց հետ: Այնուհետեւ նա բազմաթիվ անգամներ եղել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում։ 2014թ. փետրվարի 11-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում նա բարձրացրել է Ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման հարցը: Նախկինում նա երեք անգամ նույն խորհրդարանում բարձրացրել է Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

 

Մայք Գեյփսը առաջին անգամ է լինում Հայաստանում։

 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

 

 

Նկար՝ «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերության 2014թ. փետրվարի 20-ի «Երկրի հարցը» հաղորդումից. Սթիվեն Փաունդը ցույց է տալիս իր անձնագրում Արցախի Հանրապետության մուտքի արտոնագիրը, ինչի պատճառով ինքը եւս ընդգրկվել է  Ադրբեջանի «սեւ ցուցակում»։