կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 13:18
Քաղաքական

Միակ մեխանիզմը ժողովրդի օգնությամբ հանցագործ իշխանության ականջը կամ չգիտեմ էլ ինչը ձգելն է. Լեւոն Զուրաբյան

Միակ մեխանիզմը ժողովրդի օգնությամբ հանցագործ իշխանության ականջը կամ չգիտեմ էլ ինչը ձգելն է. Լեւոն Զուրաբյան

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ բոլորը տեսան` ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ նաև խորհրդարանում: «Անցյալում քաղաքական մեծամասնությունն էր թելադրում օրակարգ, որը չէր բխում ժողովրդի շահերից, բայց ընդդիմության միասնականությունը հնարավորություն է տալիս կազմակերպելու արտահերթ քննարկումներ և թելադրելու օրակարգ ԱԺ-ին: Քառօրյայի ամենակարևոր արձանագրումն այն է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը որդեգրել է Սահմանադրության խախտումը, գաղտագողի գործելաոճը: Կառավարությունն այլևս վախենում է լուրջ հարցեր բերել ԱԺ: Դրա մասին են վկայում գազային գործարքները և «Որոտան» կասկադի վաճառքը: Այնպես որ` քաղաքական ընդդիմությունը շարունակելու է առաջ շարժվել: Բայց որ խոշտանգեք էլ, չեմ ասի, թե հաջորդ քայլերը որոնք են լինելու, բայց այդ քայլերը լինելու են»,- հայտարարեց Զուրաբյանը:

 

Ըստ պատգամավորի` «Որոտան» կասկադի վաճառքի վերաբերյալ կառավարությունը, մասնավորապես` արդարադատության նախարարը փորձել է հարցուպատասխանի ժամանակ ներկայացնել իրավական հիմնավորումներ, որոնք իրավաբանության հետ որևէ կապ չունեն: «Այս գործարքի առումով նա վարվել է որպես մի «ժուլիկ»,- նշեց Զուրաբյանը:

 

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր պատասխանատվության ենթարկել կառավարությանը նման որոշումների համար, պատգամավորը պատասխանեց, որ մի քաղաքական ուժ, որը որդեգրել է Սահմանադրության խախտումը, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվի:

 

«Միակ միջոցը ժողովրդով նրանցից հաշիվ պահանջելն է, որովհետև իրավական մեխանիզմ ուղղակի գոյություն չունի: Մաթեմատիկական ճշգրտությամբ կարող ենք ապացուցել, որ Սահմանադրություն է խախտվել, բայց ԱԺ-ն աչք կփակի դրա վրա: Կառավարությունն անում է այն, ինչ ուզում է: Տեսականորեն կարելի է դիմել դատարան, բայց եթե ես նման միտք արտահայտեմ, բոլորիդ ծիծաղը կգա: Ուրեմն` միակ մեխանիզմը ժողովրդի օգնությամբ այդ հանցագործների ականջը կամ չգիտեմ էլ ինչը ձգելն է»,-նշեց Զուրաբյանը: