կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 12:50
Հասարակություն

Մեր մարտական ոգին անպարտելի է. Սեյրան Օհանյան

Մեր մարտական ոգին անպարտելի է. Սեյրան Օհանյան

Հակառակորդը համոզվեց, որ սահմանին կանգնածը հայ զինվորն է, հայ զինվորն անպարտելի է իր հողի վրա: Հակառակորդը հասկացավ, որ իր կողմից ձեռնարկված որևէ արկածախնդրություն անպատասխան չի մնալու: Այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ամփոփելով պաշտպանության ոլորտի` 2013թ. ձեռքբերումները:

 

Նա ևս մեկ անգամ նշեց, որ հպարտ է բոլոր այն ծնողներով, որոնք հերոս զավակներ են լույս աշխարհ բերել: «Մեր մարտական ոգին անպարտելի է: Մեր բոլոր մարդկային կորուստների համար հակառակորդին մի քանի անգամ խիստ հակահարված ենք հասցրել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Ամփոփելով 2013 թվականը` Սեյրան Օհանյանը առանձնացրեց մարտական պատրաստության ուղղությամբ արված աշխատանքները՝ զինված ուժերի համալրման ռազմավարության, խառը համալրման սկզբունքի, այսինքն՝ պրոֆեսիոնալ սպաների ու ենթասպաների ռազմական կրթության զարգացման և պայմանագրային զինծառայության հիմքերի վրա: Նա նաև կարևորեց զորակոչի թափանցիկ իրականացումը՝ արդարության հիմքերի վրա: Դա վիճակահանության մեխանիզմով ձևավորված զորակոչն է, որով բացառվում են միջնորդությունը և օրենքը շրջանցելու մեխանիզմները:

 

Սեյրան Օհանյանը նշեց, որ 2013թ. հաջողություններ են գրանցվել ռազմագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև լուրջ ուշադրություն է դարձվել զորքերի և ղեկավար կազմի պատրաստությանը: Ըստ նախարարի` զգալի աշխատանքներ են տարվել սոցիալական խնդիրների բարելավման ուղղությամբ՝ գնումների թափանցիկ իրականացման և որակական չափանիշների ապահովման առումով: Նաև զինծառայողների աշխատավարձերն են բարձրացել, կենցաղային պայմաններն են բարելավվել:

 

Խոսելով ԶՈՒ կարգապահության մասին` նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ նույնպես կա զգալի դրական տեղաշարժ՝ համեմատած նախորդ տարիների հետ: Կարգապահության ամրապնդմանը մեծապես նպաստել է ռազմական կրթական դաստիարակչական հայեցակարգի ներդրումը, արդարության, հարգանքի սկզբունքը միջանձնային հարաբերությւուններում: «Սակայն այդ տեմպը մեզ չի գոհացնում, մեզ պետք է թռիչքային զարգացում բանակում: Բանակը նաև քննադատության է ենթարկվում, որ մեր աշխատանքը չի գոհացնում: Ուզում եմ ասել, որ մեր բանակի ձեւավորման հիմքում առկա է թե' ազգային, թե' ավանդական փորձը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ 2014-ը հայտարարվել է «Փողոցային բարքերի դեմ պայքարի տարի», որովհետև պաշտպանության ոլորտի բացթողումների հիմքում դեռեւս ընկած են մարդկային միջանձնային հարաբերությունների խախտմամբ արված հանցանքները:

 

«Այսօր 20-ամյա պատանին պաշտպանեց ոչ միայն իր ծառայակիցներին, այլ նաև մեր նախնիների պատիվն ու մեր հայրենի հողը»,- ևս մեկ անգամ հիշելով 20-ամյա հերոսին՝ Արմեն Հովհաննիսյանին, ասաց նախարարը՝ հավելելով, որ որպես ռեժիմային կառույց նախարարությունը շարունակելու է զբաղվել դաստիարակչական աշխատանքով` պատրաստելով լավագույն զինվորներ: