Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Բազմիցս նշվել և հիմնավորվել է, որ պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի յուրահատուկ ռիսկերը։
Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ և առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ: Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրարկումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքները և ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում: ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու և մինչև դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու առաջարկով: 2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ և մինչև 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին: Վերահաստատելով դատարան ներկայացված հանրության պահանջը` փաստում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դեպքում՝ 1. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական հատվածն ամբողջությամբ և մասնավորը՝ գերազանցապես), հանգեցնում է փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը, ինչն անթույլատրելի է, հակասոցիալական և հետևաբար՝ Սահմանադրությանը չհամապատասխանող, 2. բավարար տեղեկատվության, ենթակառուցվածքների բացակայության և այլ գործոններով պայմանավորված` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկվում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորությունից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարվում է սեփական միջոցները տնօրինելու իրավունքը, ինչը ոչ իրավաչափ է և հակասահմանադրական: Բացի այդ, օրենքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մեկ աշխատատեղի ինքնարժեքը, աճելու են գների և գործազրկության մակարդակները, թաքնված զբաղվածությունը և սև աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը:
Նշված բացասական գործոնները խորացնելու է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը` հանգեցնելով կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների հավելյալ արտահոսքին: Նման գործընթաց սկսելը մինչև վերոհիշյալ հարցերի վերաբերյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրավաչափ չէ, հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը և հանրության ու պետության համար կառաջացնի ծանր հետևանքներ: Սահմանադրական դատարանի կողմից այս հանգամանքներն անտեսելը և օրենքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կդարձնի նշված բացասական հետևանքների առաջացմանը նպաստող և կխորացնի 2014 թվականի մարտի 28-ին նշանակված դատաքննության անաչառ որոշման նկատմամբ հասարակության անվստահությունը:
Առ այդ, հաշվի առնելով վերը նշվածը, Կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝ 1. կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները: 2. նշանակել և հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օրը և ժամը, ապահովել քննարկման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը՝ ուղիղ եթերով և/կամ առցանց հետևել միջնորդության քննարկման ընթացքին, լինել անաչառ և արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի: Սույն հայտարարությունը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազորում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներին:
Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի բողոքի ցույցի մասնակիցներ