կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 09:11
Քաղաքական

Թերություն են գտել գազային պայմանագրի մեջ

Թերություն են գտել գազային պայմանագրի մեջ
«Հայկական ժամանակը» գրում է.  «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու պայմանագրին հավանություն տալու հարցը։ Սա այն նույն գործարքն է, որ կնքվել է Պուտինի՝ անցած տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Եվ իհարկե, խիստ կանխատեսելի է, որ կառավարությունն այդ հավանությունը կտա։

 

Բայց ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագրում գտել է շատ հետաքրքիր թերություններ։ Մասնավորապես, նախարարությունն «անընդունելի» է որակել պայմանագրի այն կետը, որով հայկական կողմն իր վրա պարտավորություն է վերցնում, որ վաճառքից հետո «Գազպրոմի» մասնաբաժինը «Հայռուսգազարդում» կկազմի 100 տոկոս։ «... Տվյալ պարագայում անհասկանալի է, թե նախարարությունը՝ որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը։ Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի՝ 63 մլրդ 333 միլիոն 900 հազար ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը։

 

Իհարկե, սա ամենայն հավանականությամբ խմբագրական բնույթի թերություն է, բայց ուշագրավն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին Աժ-ում այս պայմանագրի շուրջ ծավալված թեժ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ փաստաթղթի վրա աշխատել են չափազանց մանրակրկիտ և դրանում թերություններ հնարավոր չէ գտնել»։