Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մազմանյանը թղթի մարդ էր, այդպես էլ չսիրեց համակարգիչը: Այն սիրելու միակ առիթը Քեյթ Ջարեթի երաժշտությունը լսելու հնարավորությունն էր. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵԹԿՊԻ մամլո պատասխանատու Անուշ Քոչարյանը:
Ըստ նրա` Մազմանյանը Քեյթ Ջարեթի գործերը անգամ հիվանդանոցում էր լսում: Երբեմն էլ, երբ վերադառնում էր արձակուրդից կամ ինչ-որ ժամանակով Հայաստանից բացակայած էր լինում, ինստիտուտի աշխատակիցները միացնում են Ջարեթի երաժշտությունը` Մազմանյանին դիմավորելու համար:
«Մազմանյանը ցանկանում էր ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն բացել, որը կներառեր 7 մասնագիտությունների կրթական ծրագիր` արդեն գործնական բնույթի /հիմնականում կինոյի հետ կապված/: Անպայման կյանքի կկոչենք դա, քանի որ կինոյի ապագայի համար է»,- ասաց Քոչարյանը:
Երկու օր առաջ Քոչարյանն այցելել էր հիվանդանոց` Մազմանյանին տեսակցելու, եւ, ինչպես հավաստիացնում է, Մազմանյանի աչքերն ուղղակի փայլել են, երբ իմացել է, որ Բուլղարիայում կայանալիք փառատոնին ինստիտուտի ուսանողների ներկայացրած հինգ ֆիլմերն էլ առաջադրվել են այս կամ այն անվանակարգերում:
«Դեկտեմբերի 28-ին, երբ վերջին աշխատանքային օրն եկավ դասի, բոլորին, ում տեսնում էր, հարցնում էր անելիքների մասին: Այդ օրը ժողով արեցինք, եւ իր վերջին արտահայտությունն էր` տարին շատ պարտավորեցնող է լինելու, պետք է առաջ գնալու բոլոր ձեւերն օգտագործենք: Ասաց ու գնաց` կիսատ թողնելով մի շարք ծրագրեր: Ոնց որ ուսանողներն են ասում` մի տեսակ անտեր ենք մնացել»,- ասաց Քոչարյանը:
Ինստիտուտի դասախոս, կրթական բարեփոխումների գծով տեղակալ Վարուժան Ավանեսյանն էլ նշեց, որ Մազմանյանը պատրաստ էր ամեն ինչ անել` ստեղծագործական եւ կրթական բարեփոխումներին տեր կանգնելու համար. «Մենք փորձում էինք ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնել: Շատ ոգեւորված էր դրանից, որ վերջապես կինոֆակուլտետում ինչ-որ փոփոխություն կլինի, որ ուսանողն ուղղակի չի գա սովորելու: Մազմանյանին երբեք հուսահատ չեմ տեսել, մինչեւ վերջին պահն էլ ինքն էր մեզ հուսադրում»: