կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 13:34
Մշակույթ

Խաչատրյանի ″Ջութակի կոնցերտը″ կմտնի իմ երաժշտացանկ. Անդրեյ Բարանով

Խաչատրյանի ″Ջութակի կոնցերտը″ կմտնի իմ երաժշտացանկ. Անդրեյ Բարանով

Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի 110-ամյակին նվիրված` Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի գալա համերգը: Հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համերգային ծրագրում կհնչեն միայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Ի դեպ, այս համերգային ծրագիրը երիտասարդական նվագախումբը կատարել է նաեւ Մոսկվայում:

 

«Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված փառատոնը մեծ ոգեւորությամբ անցավ: Փառատոնը նպաստեց ոչ միայն Խաչատրյանի գործերի քարոզչությանը, այլ նաեւ մենք փորձեցինք ներկայացնել նրա գործերն այլ ֆորմատով: Խոստանում ենք, որ փառատոնը կլինի ամենամյա, ինչը շատ մեծ պարտականություն է, քանի որ փառատոնը պետք է ամուր հիմք ունենա, որպեսզի շարունակություն էլ ունենա»,- ասաց Սմբատյանը:

 

Խոսելով Բարանովի մասին` նա ասաց, որ իրենք արդեն ջութակահարի հետ համագործակցելու փորձ ունեն` նոյեմբերի 24-ին ՀՊԵՆ-ը Բարանովի հետ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համատեղ համերգով է հանդես եկել:

 

Այսօր համերգին Բարանովը կատարելու է Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Երաժիշտը հավաստիացնում է` ստեղծագործությունը սովորել է հատուկ փառատոնի ընթացքում կատարելու համար:

 

«Ես վաղուց էի երազում Խաչատրյան կատարել, եւ ահա այսօր ինձ տրվել է այդ առիթը: Կարծում եմ` այդ ստեղծագործությունը կմտնի իմ երաժշտացանկ, քանի որ Խաչատրյանը բացառիկ կոմպոզիտոր է»,- ասաց ջութակահարը:

 

Ըստ Բարանովի` ինքը երաժշտական աշխարհ է մտնել նախքան ծնվելը, քանի որ ծնվել է երաժիշտների ընտանիքում: Նա երախտապարտ է իր ծնողներին, որ լավագույն երաժիշտների միջոցով իրեն սովորեցրել են հասկանալ ու սիրել դասական երաժշտությունը: «Իմ կյանքում երաժշտության դերի մասին դժվար է խոսել, ինձ համար ավելի հեշտ է կատարել այն, քան խոսել դրա մասին»,- ընդգծեց նա:

 

Ի դեպ, Բարանովը 2012-ին մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին եւ, հաղթելով, ստացել Ստրադիվարիուսի «Հագինս» ջութակը: