Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատամարտիկներն անկեղծ հավատում են, որ փետրվար ամսին իրենց հաջողվելու է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Այսօր Ազատության հրապարակից նրանք «հանձնարարականներ» տվեցին Սերժ Սարգսյանին, որը, ինչպես հայտարարեց Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ Սուրեն Գալստյանը, Սերժ Սարգսյանը պետք է կատարի առաջիկա 2 ամիսների ընթացքում` մինչեւ փետրվար:
«Եթե չես ուզում հայտնվել Կոշի գաղութում, ապա առաջինը Ռոբերտ Քոչարյանի թալանած ունեցվածքի վրա կալանք կդնես: Այդ փողերով մենք կփակենք, նախ' Հայաստանի արտաքին պարտքը: Աշխատանքից անհապաղ ազատել Գագիկ Խաչատրյանին, այսպես կոչված' Տամոժնի Գագոյին, պարզաբանում տալ այդ պաշտոնյայի' հարյուրավոր միլիոնների հասնող ունեցվածքի մասին: Ազգայնացնել ոչ միայն նրա, այլեւ ապօրինաբար հարստացած մյուս պաշտոնյաների ունեցվածքները: Չմոռանալ հաշվետվություն տալ Սաշիկ Սարգսյանի' Աղբեր Սաշիկ մականունը, եւ Միքայել Մինասյանի' Փեսա Միշիկ մականունը, ունեցվածքների ծագումնաբանության մասին: Սերժին ասում ենք' միտը պահի, երկու ամիս ա, փետրվարին գալու ենք տեսնենք, թե չէ` մենք մեր ձեռքով կանենք, խելք ունես' ինքդ արա'»,- հայտարարեց Սուրեն Գալստյանը:
Նրա հայտարարած «հանձնարարականների» շարքում էին նաեւ Հայաստանի հանքարդյունաբերողների իրական ցուցակների կազմումը, հանքերի անխնա շահագործումը դադարեցնելը, Որոտանի կասկադի վաճառքի դադարեցումը եւ այլն: «Հանձնարարականներից» մեկն էլ վերաբերում է Շանթ Հարությունյանին, ըստ այդմ` մինչեւ փետրվար ամսի' իրենց նախանշած օրը, Շանթ Հարությունյանը պետք է լինի ազատության մեջ:
Ազատամարտիկները հանձնարարականներ էին նախապատրաստել նաեւ` ուղղված ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, դատախազին եւ հայ օլիգարխներին: Առաջինները պետք է պատրաստ լինեն կատարելու ժողովրդի հրահանգները' ընդհուպ մինչեւ որոշ պաշտոնյաների ձերբակալումը: Իսկ օլիգարխներից ազատամարտիկները պահանջում են փետրվարին' իրենց հայտարարած օրը, լինել իրենց կողքին, հակառակ պարագայում` նրանք նույնպես պատասխան կտան: