Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` նոյեմբերի 25-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ 12 մարզիչների ՊՐՈ դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դասընթացները համակարգող Ֆլեմինգ Սերիցլևը. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դանիացի մասնագետը, մասնավորապես, իր ելույթի խոսքում նշեց. «Ես ցանկանում եմ ողջունել արտոնագիր ստացող բոլոր մարզիչներին: Միասին երկար ճանապարհ ենք անցել: Ցանկանում եմ, որ սա ձեր համար կարճ դադար լինի` անընդհատ սովորելու ճանապարհին: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ նորանոր բաներ սովորելը կենսական կարևոր նշանակություն ունի: Ֆուտբոլն անընդհատ առաջ է գնում: Կարծում եմ՝ Եվրոպայում չկա մի ֆեդերացիա, որը տեղական մարզիչներին նախապատրաստության համար երեք անգամ ուղարկի արտերկիր գիտելիք ունենալու և հմտություններ ձեռք բերելու համար: Այդ առումով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Արդյունքում` Հայաստանն ունեցավ ՊՐՈ արտոնագրով 12 մարզիչ, որոնք բոլորն էլ արժանի են դրան: Գերմանացի Էրիխ Ռուտեմյոլլերը, ով ՈՒԵՖԱ-ի կողմից հետևում էր դասընթացներին և քննություններին, նշեց, որ հայ մարզիչները բավականին բարձր կարգ եւ համապատասխան գիտելիքներ ունեն և ամենևին չեն զիջում գերմանացի գործընկերներին:
Ցանկանում եմ՝ շնորհակալություն հայտնել նաև Միքս-մենեջմենթ ընկերությանը, որը գերազանց մուդուլավորման շնորհիվ կարողացել էր յուրաքանչյուր մտահաղացումը ֆուտբոլային դարձնել և նպաստել դասընթացների բազմակողմանիությանը:
Երբ 2009 թվականին առաջին անգամ եկա Հայաստան, գլխավոր խնդիրը ֆուտբոլիստներին սեփական ուժերին նկատմամբ վստահություն ներարկելն էր:: Կարծում եմ՝ այս մարզիչների ղեկավարությամբ հայկական ֆուտբոլն այլևս նման խնդիրների չի հանդիպի և բարձրակարգ ֆուտբոլ կունենա»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը. «Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլեմինգ Սերիցլևին, ով այս ամբողջ ժամանակահատվածում մեծ ներդրում ունեցավ ՊՐՈ կարգի արտոնագրերի համար դասընթացներ կազմակերպելու և մարզիչներին համապատասխան գիտելիքներ ապահովելու գործընթացի կայացման մեջ: Շատ լավ է, որ ՀՖՖ-ն ունի ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու հնարավորություն, բայց խոսքս ուղղելով դիպլոմ ստացող մարզիչներին՝ ցանականում եմ նշել: Ձեզնից կեսը մարզչությունից հեռու է: Այսօր, մեր հավաքականը չունի գլխավոր մարզիչ, բայց հանրությունը ձեզանից ոչ մեկի թեկնածութունը չի քննարկում այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Կարծում եմ, որ դա ձեր մեղավորությունն է:
Ցանկանում եմ, որ դուք ձերբազատվեք սովետական մտածելակերպից և սկսեք ձեր վրա աշխատել: Դուք չպետք է բավարարվեք այս արտոնագրերով և դադարեք աշխատել ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որ դուք շարունակեք սովորել և զարգանալ: Շնորհավորում եմ բոլորիդ արտոնագրեր ստանալու կապակցությամբ»:
Վերջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը նվիրեց դանիացի մասնագետին և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: