Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-րդ տարեդարձը:
Լրագրողների հետ զրույցում Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի նախագահ Ալեք Ենիգոմշյանը հիշեց հերոսին ու ներկայացրեց դրվագներ նրա կյանքից: Նա նախ նշեց, որ պատահական չէ այն հանգամանքը, որ Մոնթե Մելքոնյանը Արցախյան ազատամարտի ամենաշատ հիշատակված հերոսներից է, որովհետև նրա դերը, հաղթանակների ու մարդկային կերպարի առումով, առանձնահատուկ է եղել: Մարդկային որակ` գումարած մարտական տաղանդ, և դրա շնորհիվ նա կարողացավ հույս ներշնչել իր մարտիկներին և, առանց մի թիզ հող կորցնելու իր ղեկավարած շրջաններում, հաղթանակի հասնել:
Ալեք Ենիգոմշյանը առանձնացնում է Մոնթեի չափազանց պարզությունն ու համեստությունը: «Նա մի մարդ էր, որ չէր ուզում, որ իրեն հիշեն ծննդյան օրը, չէր ուզենա, որ իրեն հիշատակեն թեկուզ իր մահից հետո: Հիմա էլ գիտեմ, նա անհամար կզգար, բայց նա այնպիսի օրինակելի երևույթ հանդիսացավ Արցախյան ազատամարտի համար, որ իր մահից հետո շարունակում է գոյություն ունենալ, իր բարոյական կերպարով` հայ մարդու կերպարով նա շարունակում է մեզ օգնել»,- ասաց նա:
Ենիգոմշյանը նշեց, որ եթե Մոնթեն հիմա կենդանի լիներ, նա կլիներ ժողովրդի հետ ու ժողովրդի կողքին, երկրի առողջ պետականության ու արդարության կողքին, նա կլիներ այն բարոյական ուժը, որն իր շուրջը պետք է հավաքեր արդարության համար մղվող պայքարը: Ըստ բանախոսի` Մոնթեի համար պատերազմը միայն հաղթանակը չէր, այլ հայ ժողովրդի արդար, բարեկեցիկ ու համերաշխ բարեկեցությունը, հետևաբար` խաղաղության շրջանում նրա պայքարը դա կլիներ: Քանի որ այսօր ժողովրդի մեջ իշխում է համատարած հուսալքությունը, ուստի բոլորը պետք է մի փոքր Մոնթե լինեն, որովհետև նա չգիտեր` ինչ բան է հուսալքությունը, անգամ` ամենադժնդակ պահերին:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով` Մոնթեի մյուս կարևոր հատկանիշը համեստությունն էր ու նյութական արժեքների նկատմամբ անտարբերությունը, թեև նա շատ իրատես և կյանքին կապված մարդ էր: «Մոնթեի համար ամենակարևորը հասարակության համերաշխությունն էր ու արդարությունը: Ուրեմն` եկեք հարգենք Մոնթեին` մի փոքր մոտենալով Մոնթեին, այսինքն` եկեք վանենք մեզանից հայրենիք լքելու գաղափարը, որովհետև Մոնթեն կռվեց ու զոհվեց հայրենիքի համար»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: