կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 13:23
Տնտեսական

Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է. Հրանտ Բագրատյան

Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է. Հրանտ Բագրատյան

Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով 2014 թվականի պետբյուջեին: Նախկին վարչապետի դիտարկմամբ` բոլորն էլ կարող են տեսնել, որը 989 էջանոց բյուջեում եկամուտների մասին կա ընդամենը 6 տող: Մնացածն, ըստ Բագրատյանի, ինչ-որ փաստաթղթերի հղումներ են:

 

«Հղում են անում ինչ-որ փաթեթի: ԱԺ-ն փաթեթ չի ընդունում, այլ ընդունում է օրենք բյուջեի մասին»,- նշեց նա` հավելելով, որ բյուջեի եկամտային մասով նախատեսված է 1 տրիլիոն 184 միլիարդ դրամ, ու հարկայինին ասում են` որտեղից ուզում ես, հավաքիր: Բանախոսը չի պատկերացնում, թե ինչպես է Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատական տալու բյուջեին, քանի որ, ինչպես ինքը գիտի սեփական փորձից, ԱՄՀ-ն հարկային ծառայությունից պահանջում է ցույց տալ տնտեսական աճի ոլորտները, ու ասում, թե որ ոլորտներից պետք է միջոցներ հավաքագրվեն:

 

«Հավելվածում գոյություն ունի 3800 էջ փաստաթուղթ, որտեղ տասնյակ կանխատեսումներ կան: Դրանցից մեկում էլ կան հնարավոր կանխատեսումներ բյուջեի եկամուտների մասին` ոչ թե հաշվարկված եկամուտներ, այլ հնարավոր եկամուտների կանխատեսումներ»,- պարզաբանեց Բագրատյանը:

 

Սա, ըստ պատգամավորի, Սահմանադրության կոպիտ խախտում է` հանցանք, քանի որ բյուջեն պետք է հստակ ունենա եկամտային ու ծախսային մասեր, այլ ոչ թե կանխատեսումներ: Բանախոսը ներկաներին պատմեց, թե ինքը բազմիցս այս հարցը բարձրացրել է ԱԺ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի մոտ, ով խոստացել է, որ այս խնդիրը կկարգավորվի, սակայն այդպես էլ ոչինչ չի արել: Բագրատյանի կարծիքով` այդ հանձնաժողովի գոյությունն արդեն անիմաստ է:

 

«Անտրամաբանական է` ԱԺ-ն գնում, միանում է կառավարությանը` դառնալով նրա հանցակիցը: Եվս մեկ հանցագործություն` պետական բյուջեն հաստատվում է առանց ՏԻՄ բյուջեների»,- ասաց նախկին վարչապետը:

 

Ըստ նրա` առանց տեղական ինքնակառավարման մարմիններին բյուջե տալու, նրանք չեն կարող ինքնուրույն ու անկախ աշխատել, քանի որ փողն է ժողովրդավարությունն ապահովող հիմնական գործիքը: «Ենթադրենք, թե մեզ` ընդդիմությանը, հաջողվեց Վանաձորում անցկացնել ընդդիմադիր թեկնածուին: Նա ոչինչ չի կարող անել, ավելի լավ է Հանրապետականը հաղթի»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը:

 

Բնորոշելով 2014 թվականի պետական բյուջեն` Հ. Բագրատյանը այն որակեց «ողորմելի վիճակ, գնահատական չկա»: Նա համոզմունք հայտնեց, որ 2014 թվականի համար  կառավարությունը չի կարողացել ցույց տալ, թե ինչպես է գեներացնելու 5 տոկոս տնտեսական աճը: Այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը, ըստ Բագրատյանի, կառավարությունը «կձգի» մինչեւ 4 տոկոս, սակայն իրականում տնտեսական աճը կլինի 2-2,5 տոկոսի սահմաններում, մնացածը կնկարվի: Իսկ սա, գումարվելով անցյալ տարվա նկարած թվերին, կդառնա 4,9 տոկոս նկարված տնտեսական աճ: Այսինքն, ըստ Բագրատյանի, արդյունքում 4,9 տոկոս փուչիկ ունենք: