կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 14:32
Սպորտ

Հայաստանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը

Հայաստանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը

Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան:

 

Այսօր նա, ՀՀ սպորտի նախարարի ուղեկցությամբ, այցելեց  շախմատի ակադեմիա: Ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նախարարին ներկայացրեց ակադեմիայի շենքը, խոսեցին հայկական շախմատի մասին: Նախարար Քեշիշյանը հիացմունքով շրջեց շենքում, բազում հարցեր ուղղեց Լպուտյանին և հետևեց  շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադայի խաղերին:

 

Լրագրողների հետ զրույցում տիկին Քեշիշյանն ասաց, որ հետևում է հայկական սպորտին, հատկապես՝ ֆուտբոլային հաջողություններին, քանի որ ֆուտբոլի մեծ սիրահար է:

 

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Շնորհակալություն հրավերի համար: Այստեղ  2005-ին եմ եղել` որպես պատգամավոր, եւ առաջին անգամ եմ այստեղ` որպես սպորտի նախարար:

 

Ուրուգվայում գործում են  54 մարզական ֆեդերացիաներ: Դրանցից մեկը շախմատի ֆեդերացիան է, որը շատ համեստ է: Փորձում ենք մեր երկրում հանրային գովազդներով ժողովրդի մեջ հետաքրքրություն սերմանել դեպի այդ սպորտաձեւը: Հայաստանում շախմատը  դասավանդվում է  հանրակրթական դպրոցներում` որպես ուսումնական առարկա: Դա շատ կարևոր է: Մեզ շատ  հետաքրքրեց այդ ծրագիրը: Կցանկանայի ավելի մանրամասն ուսումնասիրել այն»,- ասաց նա:

 

Հարցին` արդյո՞ք հետեւում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերին եւ ի՞նչ կարծիք ունի ազգային ընտրանու մասին, Քեշիշյանը պատասխանեց. «Վերջին ժամանակներս Հայաստանի հավաքականը շատ մեծ առաջընթաց է ապրել: Ցավոք, չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը: Մենք շատ ուրախացանք Դանիայի ընտրանու դեմ տարած հաղթանակով:

 

Ուրուգվայում նույնպես կան լավ  հայ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ:

 

Ինձ բախտ է վիճակվել նաեւ լինել Լոնդոնի օլիմպիական խաղերին, որտեղ մեծ ոգեւորությամբ  ծափահարում էի Հայաստանին»:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ թեեւ մեծ հայասեր է, սակայն հայերեն չի խոսում, նախարարը պատասխանեց. «Այո, դա մեծ բացթողում է: Հայրս հայ է, իսկ մայրս՝ Ուրուգվայից: Մեզ մոտ երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում են մայրերը, դա է պատճառը, որ ես հայերեն չգիտեմ»:

 

Շախմատի ակադեմիայից հետո Լիլիան Քեշիշյանը հյուրընկալվեց ՀՀ սպորտի նախարարությունում, որտեղ նախարար Յուրի Վարդանյանը նրան նվիրեց նախարարության անվանական ոսկե ժամացույց:


Նախարարները նախնական համաձայնության եկան՝ փորձի փոխանակման միջոցով երկու երկրներում զարգացնել այն սպորտաձևերը, որոնք տվյալ երկրում  շատ զարգացած չեն: Կողմերը հույս հայտնեցին, որ բանավոր համաձայնությանը հնարավորինս արագ կհաջորդի գրավոր պայմանագիրը:

 

 

 

Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ