Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին, «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր ` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` կոչ անելով բոլոր նրանց, ում համար թանկ է սպանված գյուղապետը` միանալ երթին: Ստորեւէ ներկայացնում ենք Արմեն Ռուստամյանի ամբողջական ելույթը.
''Այս տարվա ապրիլի 2-ին իր աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ դարձավ Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի ունեցածը կանխամտածված ու ծրագրված սպանություն էր:
Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի անցած պայծառ անձնավորություն: Հրաչը, իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն, վայելում էր համագյուղացիների անկեղծ սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը և պատհական չէր, որ նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել:
Սպառնալիքներն ու ահաբեկումները դրսևորվել են բազմիցս: Մենք համոզված ենք, որ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայ մարդու այդպիսի տեսակի դեմ: Տեսակ, ումով է, որ պետություն է պաշտպանվում, ումով է, որ պետություն է կերտվում: Ուստի, բնականաբար, Հրաչին ուղղված դավադիր գնդակը Պռոշյանի ամեն մի գյուղացի, ամեն մի ազնիվ հայորդի ընկալում է որպես գնդակ ուղղված իր դեմ:
Սա է, որ բազմապատկում է բոլորիս ցավը: Դրա նվազագույն սփոփանքը կարող է լինել գործի լիարժեք բացահայտումը: Բայց բացահայտումը ուշանում է, իսկ ամեն մի ուշացած օր գործի բացահայտման հետ կապված լարվածությունը մեծացնում է:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին ՀՅ Դաշնակցությունը, «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և Պռոշյան համայնքի ներկայացուցիչները Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով:
Անցել ենք ոստիկանությամբ, մյուս ատյաններով և սա ևս մի ճիգ է՝ ուղղված այս գործի բացահայտմանը: Մեր բոլորի պատվի հարցն է Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը, ուստի հրավիրում ենք մեր հայրենակիցներին մասնակցելու այս երթ-պահանջին'':