կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 17:00
Իրավական

Գողությունը կանխած զինվորին ծեծել են

Գողությունը կանխած զինվորին ծեծել են

Սուսաննա Մարգարյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարեն Մարգարյանը, 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը: Դրա արդյունքում ժամկետային զինծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետևանքով նրա մոտ սկսվել են գլխի սուր ծակոցներ, կորցրել է տեսողությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

 


Ս. Մարգարյանը հայտնել է նաև, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, այդ իսկ պատճառով չի կարողանում վճարել որդու տեսողությունը վերականգնելու համար պահանջվող մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը: 



Սուսաննա Մարգարյանի դիմումը պաշտպանի աշխատակազմի կողմից ընդունվել է քննարկման և համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն' առաջարկելով քննարկել Կ. Մարգարյանի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորության հարցը:



ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Կարեն Մարգարյանին տրամադրել առողջարանի ուղեգիր` համապատասխան բուժում ստանալու համար, սակայն, քանի որ երիտասարդի առողջական խնդիրն այնպիսին է, որ ենթակա չէ առողջարանային բուժման, Ս. Մարգարյանը որդուն անհրաժեշտ վիրահատության համար խնդրել է պահանջվող գումարը: 

 


Պաշտպանի աշխատակազմի հետևողականության և ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի հետ անմիջական համագործակցության արդյունքում պաշտպանության նախարարության կողմից Ս. Մարգարյանին որդու բուժման համար տրամադրվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

 


Քաղաքացիների անուն - ազգանունը փոխված է: