Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը կանգնած է բավականին պատասխանատու պատմական ընտրության առջեւ. ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նկատի ունենալով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրելն ու Մաքսային միությանը միանալու հայտարարությունը:
Պատգամավորը նշեց, որ Արեւմուտքը լավագույնս գիտակցում է, որ եթե տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական դաշնակցին կարողանա եվրաինտեգրել, դրանով զգալիորեն թուլացնելու է Ռուսաստանի ազդեցությունը: Ռուսաստանը, ըստ Ռուբեն Հակոբյանի, եւս գիտակցում է պահի լրջությունը եւ գիտի, որ եթե Հայաստանը ինտեգրվի եվրոպական կառույցներին, ապա ինքը, վաղ թե ուշ, կորցնելու է Հարավային Կովկասը` նկատի ունենալով անդրկովկասյան երկու հանրապետությունների հետ իր բարդ ու ոչ կայուն հարաբերությունները:
«Այլ խոսքերով` Հայաստանի` այս երկու ալյանսներից որեւէ մեկին միանալն ունի չափազանց բարձր գին բացառիկ քաղաքական նշանակություն: Եվ մենք, որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք ոչ թե կռվախնձոր դառնալ ուժային կենտրոնների միջեւ եւ ենթարկվել ճնշումների կամ սին խոստումների, այլ առաջնորդվել մեր պետության ազգային անվտանգության հստակ կեցվածքով, որն այս դեպքում արտահայտվում է ԼՂՀ անկախության ճանաչումով»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Ըստ պատգամավորի` մեզ համար գլխավոր ուղենիշը այս երկու ուժերից որեւէ մեկին միանալիս պետք է լինի, թե ով է գործնականում պատրաստ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Եվ այդ երկու ուժային կենտրոններն էլ գիտեն, նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, որ մեր անվտանգությունն ապահովվելու է ոչ թե «Սմերչներով» կամ ինչ-որ չինական հեռահար հարձակողական զինատեսակներով, այլ ԼՂՀ-ին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելով: