Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն' ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային բաժանմունքի վճարող-տեսուչ Ա.Մուշեղյանն իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, տեղեկանալով կենսաթոշակառուների' հանրապետությունից բացակայելու կամ նրանց մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ կենսաթոշակառուների մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում' Ա.Մուշեղյանը 2006-2010թթ. ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի' 3 136 212 դրամ կենսաթոշակի գումար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատախազությունը հիշեցնում է, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: