Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ իր ցավակցությունը հայտնեց վթարի հետեւանքով մահացածների հարազատներին: Նա ցավում է կատարվածի համար, բայցեւ վստահեցնում, որ հայրն էլ մի լավ վիճակում չէ: Լիլիթը կարծում է, որ հորը հոգեբան է պետք:
Արցախյան ազատամարտի մասնակից իր հորը Լիլիթը հերոս է համարում: «Չի կարող հայրենիքը պաշտպանը անզգուշությամբ տասնութ մարդու կյանք խլել ու հանգիստ լինել»,- հայտարարեց նա:
Հրաչյա Հարությունյանի եղբոր որդին` Արթուր Հարությունյանը, կարծում է, որ հորեղբայրը հոգեկան ինչ-որ շեղումներ է ստացել, հոգեբանական շատ վատ վիճակում է, դա, ըստ նրա, երեւում էր անգամ ռուսական ԶԼՄ-ների ցույց տված կադրերից: Արթուրը վստահ է, որ եթե հորեղբայրը գիտակցեր, թե ինչ է կատարվում իր հետ, չէր հագնի այդ խալաթը: Բացի դրանից` եթե նա առաջնային համարեր իր կյանքը չէր փորձի մինչեւ վերջին վայրկյանը կանխել վթարը եւ հենց սկզբում դուրս կնետվեր մեքենայից: Ըստ Արթուրի` հորեղբայրը ուժգին հարվածի արդյունքում է դուրս շպրտվել մեքենայից:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ երեկ պետական մակարդակով որեւէ մեկը կապ չի հաստատել Հարությունյանների ընտանիքի հետ` օգնության առաջարկությամբ: Արթուրը նշեց, որ ՌԴ-ում ավելի սարսափելի դեպքեր էլ են կատարվել, բայց որեւէ անգամ չենք տեսել, որ մարդուն դատարան խալաթով տանեն: Այս ամենում ենթատեքստ եւ մեսիջ է Արթուրը տեսնում: «Չեչենի հետ նման կերպ կվարվեի՞ն»,-հարցրեց նա:
Հարցին, թե Հարությունյանների ընտանիքը բարոյական վնասի փոխհատուցում պահանջելո՞ւ է Հրաչյա Հարությույանին խալաթով դատարան տանելու համար, Լիլիթը պատասխանեց, որ իր համար դա միեւնույն է, առաջնահերթն այս պահին այն է, որ եթե հայրը պետք է պատիժ կրի, ապա` Հայաստանում:
Հրաչյա Հարությունյանի դուստրը պատմեց նաեւ եղբոր մահվան մասին, նա ասաց, որ եղբայրը լրիվ առողջ է մեկնել բանակ, անգամ հանձնաժողովներն են հաստատել, որ առողջ է: Ըստ Լիլիթի` եղբայրը գլխի ուռուցք չի ունեցել: Նա տեսակետ հայտնեց, որ եղբոր մոտ առաջացած խնդիրները կարող էին ծեծի արդյունք լինել, թեեւ ՊՆ-ն հերքում է այդ վարկածը: