կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 13:36
Քաղաքական

Պռոշյանցի ''չեզոք'' տիկինը

Պռոշյանցի ''չեզոք'' տիկինը

Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ, գյուղապետի պաշտոնակատար նշանակվեց նույն գյուղի բնակիչ Արմենուհի Մելիքյանը: ՀՀԿ-ական մարզապետի որոշումը, սակայն, միանշանակ չընդունվեց պռոշյանցիների կողմից, եւ նրանք, ընդդիմանալով մարզպետի որոշմանը, թույլ չտվեցին, որ մարզպետի դրածոն անցնի իր պարտականությունների կատարմանը: Արդեն մի քանի օր անց` հունիսի 17-ին, Արմենուհի Մելիքյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ակնհայտ է, որ այդ հրաժարականով Կոտայքի մարզպետը ցանկանում էր մեղմել գյուղում ստեղծված լարվածությունը եւ ընտրություններից առաջ փոքր-ինչ հանդարտեցնել գյուղը:

 

Ուշագրավ էին, սակայն, այդ ժամանակ Արմենուհի Մելիքյանի կողմից արված հայտարարությունները: ԶԼՄ-ների հետ զրույցներում նա վստահեցնում էր, թե չեզոք է, ցանկանում էր «խաղաղություն հաստատել, լարվածությունը մեղմել, բայց մարդիկ չուզեցին»: Պատկերացնո՞ւմ եք, տիկինն ինչպիսի ազնիվ մղումներով էր եկել, իսկ մարդիկ չուզեցին...

 

«Իմ լավագույն ցանկությունները` գյուղում թուլացնելու առկա լարվածությունը, կոնկրետ մարդիկ վերաորակեցին եւ հրահրեցին արհեստական լարվածության: Ես շարունակելու եմ ապրել այս գյուղում, եւ թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռեւս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին: Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր բարոյական նկարագիրը, դիմացինի մասին մտածում նախասիրությունների իր չափանիշով»,- ասված էր այդ ժամանակ Մելիքյանի տարածած հայտարարությունում:

 

Իր բոլոր հարցազրույցներում տիկինը վստահեցրել է, որ իր միակ նպատակը գյուղում արդեն իսկ ստեղծված լարվածությունը մեղմելն է: Փաստորեն, տիկինը ցանկանում էր մեղմել լարվածությունը, որը եթե ոչ առաջացել, ապա խորացել էր մարզպետի կողմից իր իսկ նշանակման պատճառով:

 

Տիկինն իր «լավագույն ցանկություններով` գյուղում առկա լարվածություն թուլացնելու» առաջնորդվեց նաեւ գյուղապետի ընտրությունների օրը` հուլիսի 14-ին: Խաղաղության ջատագով եւ լարվածություն չեզոքացնող տիկինը առանց վարանելու հայտնվեց գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի շտաբում ու հարցազրույցներ տվեց: «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում նա, օրինակ, «չփաստարկված» է որակել ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու մասին` Հրաչ Մուրադյանի հարազատների եւ ՀՅԴ-ական թեկնածուի հայտարարությունները:

 

«Ինչի՞ մասին է խոսքը: Եթե կան նման բաներ, թող բերեն ապացուցեն։ Մենք էլ կարող ենք շատ բան ասել, ասել շատ բան կարելի է, բայց դա չի նշանակում, որ դա համապատասխանում է իրականությանը: Միայն փաստերով...»,- հայտարարել է տիկինը:

 

Նման ստանդարտ ձեւակերպումը գուցե արդարացված լիներ համաքաղաքային կամ համապետական ընտրությունների ժամանակ, բայց մի գյուղում, ուր բոլորն են իրար ճանաչում եւ բոլորը գիտեն, թե ինչ միջոցներով են «անցկացրել» ՀՀԿ-ական թեկնածուին, առնվազն ցինիզմ է:

 

Եվ այսպե՞ս է տիկինն ուզում է լարվածություն մեղմել...

 

Որեւէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի համար ընտրակաշառք է բաժանվել, իսկ տիկինն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե հենց դաշնակցականներին է կասկածում կաշառք բաժանելու մեջ: Երբ կարդում ես տիկնոջ «հիմնավորումը», թե ինչո՞ւ է այդպես կարծում, անգամ դժվարանում ես բառեր գտնել:

 

«Ինքս իմ մեջ էլ կասկածներ եմ ունեցել, որ Դաշնակցությունը կաշառք է բաժանում: Իրենց սատարող չաշխատող մի զանգված կա, որը ոչինչ չի անում, ընդամենը նայում է տեսնի, թե որտեղից ինչ պոկի: Նախօրեին ես մտնում եմ գնումներ կատարելու խանութից, եւ էդ զանգվածի ձեռքին 20 հազարանոց դրամներ կան: Նրանք ոչ մի տեղ չեն աշխատում, նրանք երբեւէ չեն վաստակել: Իմ մեջ կասկած առաջացավ, որ նրանք ինչ-որ մի տեղից վերցրել են այդ գումարները եւ գալիս էին Դաշնակցության շտաբից»,- հայտարարել է տիկինը ու չի մոռացել ասել թերեւս ամենակարեւորի մասին, որ եթե գյուղապետարանում աշխատելու առաջարկ ստանա, ապա կաշխատի ՀՀԿ-ական Մուրադյանի թիմում...

 

Շատ խելք պետք չէ` հասկանալու համար, թե ինչու էր ուզում գյուղի «լարվածությունը մեղմել» սույն տիկինը...

 

Այստեղ տեղին է թերեւս հիշել նրա` ժամանակին արած հայտարարությունը` «յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր բարոյական նկարագիրը, դիմացինի մասին մտածում նախասիրությունների իր չափանիշով»:

 

Հ.Գ. Ուշագրավ է, որ այս ընտրությունների օրն ու հաջորդ օրերին ՀՀԿ-ականները հստակ հրահանգ էին ստացել` այս ու այն կողմ հայտարարել, թե ՀՅԴ-ն կաշառք է բաժանում: Նոր գործելաոճ է: Սա նման է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների մեկ այլ հրահանգի, երբ բոլոր ՀՀԿ-ականներին զգուշացրել էի` եթե ձեզ տեսանկարահանում են, դուք էլ իրենց տեսանկարահանեք...

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ