Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ռուսական մամուլը ողողված է հուլիսի 13-ին Պոդոլսկ տանող մերձմոսկովյան մայրուղում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին պախարակող, նսեմացնող հոդվածներով ու ռեպորտաժներով: Սակայն, այնուամենայնիվ, կան լրատվամիջոցներ, որոնք կատարվածը ներկայացնում են ողջամտաբար: Ստորեւ կարդացեք կատարվածի վերաբերյալ «Էխո Մոսկվի»-ի լրագրող Անդրեյ Բաբչենկոյի հոդվածը:
Մերձմոսկվայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը կոչ է արել խստացնել արտասահմանցի վարորդների պատասխանատվությունը: Ես չեմ հասկանում` այս ի՞նչ իրավաբանական տերմին է` «արտասահմանցի վարորդներ», բայց Սերգեյ Սեմյոնիչին կցանկանայի հարցնել` իսկ ո՞վ է աշխատանքի վերցրել «արտասահմանցի վարորդին», նստեցրել նրան առանց արգելակների և ժամկետանց համարանիշներով բեռնատարի ղեկին: Ո՞վ է լիցենզավորել այդ ընկերությանը, որը աշխատանքի է վերցրել արտասահմանցի վարորդին, ո՞վ է մայրուղի թողել առանց համարների բեռնատարը:
Բացում ենք Интерфакс-ը և կարդում. «Տվյալ տրանսպորտային միջոցը հավաքված է եղել 3 տարբեր մեքենաներից, արգելված է եղել դրա շահագործումը, բայց ընկերությունում Հարությունյանին ասել են` քարերը տեղափոխել հենց այդ մեքենայով: Իսկ վարորդի պարտականությունների մեջ չի մտնում հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը»: Նման կարծիք է հայտնել փաստաբան Չաբանովը: Ինքը` Հարությունյանը, չի կարող ասել, թե ինչ ընկերությունում է աշխատում, բայց առանց դրա էլ այստեղ հարցեր են առաջանում: Ո՞ւմ էր պատկանում այդ մեքենան, որն, ինչպես պարզվեց, հանված է եղել ՃՈ հաշվառումից, բացի այդ` ինչի՞ հիման վրա է հանված եղել հաշվառումից, և, այդ դեպքում, ինչի՞ հիման վրա է թույլատրվել այն շահագործել: Պարզվում է` ոչ նրանց` միշտ ամեն ինչում մեղավոր «կովկասցու արտաքինով անձանց»: Իսկ ո՞ւմ այդ դեպքում: Հետաքննությունը պարզել չի կարողանում: Փնտրում են հրշեջները, փնտրում են ոստիկանները:
Համոզված եմ` ընկերությունը, որին արդեն մեկ շաբաթ է` չեն կարողանում գտնել քննիչները, պատկանում է Մոսկվայի ինչ-որ տրանսպորտային վարչության ինչ-որ ղեկավարի կնոջ ինչ-որ եղբոր բարեկամին, իսկ ընկերությունը լիցենզավորել է նրա ինչ-որ լիցենզավորման ընկերության ղեկավարի ինչ-որ քրոջ եղբոր քավոր-խնամին: Բայց 18 մարդու մահվան համար նրանք չեն նստի, այլ ռուսերեն չիմացող գաստարբայթերը, որին մամուլում արդեն անվանում են «հայ վարորդ»:
Հայ վարորդներ... Վնասարար հայեր... Մարդասպան բժիշկներ... Անընտանիք կոսմոպոլիտներ... Այս ամենը հիշեցնում է ոչ վաղ անցյալը: Իսկ յակուտ քաղաքապետը, ով, ի դեպ, նույնպես գաստարբայթեր է, հրահանգում է ավտովթարի վայրում լուսացույց դնել, որը այնտեղ ընդհանրապես պետք չէ` միայն խցանումներ կառաջացնի: Բայց լուսացույց կդնեն, ինչ-որ նշան էլ, արագությունը կսահմանափակեն: Վարորդին կնստեցնեն: Սրանով ամեն ինչ կավարտվի:
Իսկ հազարավոր ընկերություններ ու չինովնիկներ, որոնք 3 մեքենայից 1` առանց արգելակների բեռնատար են հավաքում, դրանց ղեկին առանց վարորդական իրավունքի գաստարբայթերներ նստեցնում և այլն, այդպես էլ չեն գտնվի:
Այս երկիրը դառնում է կյանքի համար ծայրահեղ վտանգավոր:
Թարգմանությունը` Yerkir.am-ի