կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-06 14:00
Առանց Կատեգորիա

Սահմանադրության ՀՀԿ-ացման ճանապարհին

Սահմանադրության ՀՀԿ-ացման ճանապարհին

Վերջին շրջանում հաճախակիացել են խոսակցությունները ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության վերաբերյալ: Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, այդ մասին խոսել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, խոսել է նաև բուն իշխանությունից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

 

Մի կողմ թողնենք հարցը, թե Սահմանադրությունը հրատապ փոփոխությունների կարիք ունի իշխող քաղաքական ուժի «կարիքներին» ապագայում ևս հնարավորինս ծառայելու տեսանկյունի՞ց, թե՞, ինչպես Դ. Հարությունյանն է ասում, մեր պետության զարգացման ճանապարհին ծառացած որոշ հիմնախնդիրներ լուծելու անհրաժեշտությունից: Մի կողմ թողնենք նաև այն հարցը, թե իշխանություններն արդյո՞ք չեն նախապատրաստվում Սահմանադրությունը դարձնել իրենց քաղաքական շահերի սպասարկուն՝ ընդհուպ մինչև իբրև նախագահ քաղաքական ասպարեզը լքող Ս. Սարգսյանի համար որպես նոր սահմանադրական հնարավորություն՝ իշխանության ղեկին մնալու և սեփական կուսակցությունը նույնպես, որպես իշխանություն, պահելու նպատակով:

 

Սակայն մինչ իշխող կուսակցությունից հաճախակիանում են հայտարարությունները Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտության մասին, գոնե սովորական քաղաքացու և հանրության համար անկասկած է՝ Սահմանադրությունը ոչ թե փոփոխությունների կարիք ունի, այլ ամբողջ ծավալով ու խորությամբ գործադրվելու: Մեր պետության ամենահրատապ «կարիքը» բացառապես սա է և ոչ թե ինչ-որ փոփոխություններ, որոնցով գուցե և բարելավվեն սահմանադրական ինչ-ինչ դրույթներ և նույնիսկ կառավարման կարգ փոխվի, բայց սովորական մարդու կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվելու, եթե Սահմանադրության ընկալումը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին հիմա է՝ օրենքների «Գիրք գրոց», որը, սակայն, ոչ ոք չի կարդում, էլ ուր մնաց՝ «պատվիրաններ» քաղում: Հետևաբար, գնալով ավելի հստակ դարձող սևեռումը սահմանադրական փոփոխություններին շարքային քաղաքացու կողմից ընկալվում է իբրև իշխանությունների անհամարժեք արձագանք պետության ու նրա քաղաքացիների իրական հիմնախնդիրներին:

 

Որ իշխող քաղաքական ուժը պատրաստվում է հերթական անգամ զոհել Սահմանադրությունը հանուն սեփական շահախնդրությունների, երևում է սահմանադրական փոփոխությունների ջատագով Դ. Հարությունյանի արած հայտարարությունից: Լրատվական կայքերից մեկի (News.am) թղթակցի հետ զրույցում նա ընդգծել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունները նախ պիտի ընդունվեն-քննարկվեն «ՀՀԿ-ի ներսում», ապա միայն դրվեն հանրային քննարկման: Հանրային քննարկումների «արդյունավետությանը» հանրությունը ծանոթ է վաղուց. դրանց «արդյունքում» սովորաբար ընդունվում է այն, ինչ հաճո և հարմար է օրվա իշխանություններին: Հետևաբար, այն իրողությունից, որ սահմանադրական փոփոխությունները նախ պիտի ընդունվեն «ՀՀԿ-ի ներսում», ենթադրել այլ բան, քան որ այդ փոփոխությունները վերջին հաշվով լինելու են հենց ՀՀԿ-ին հաճո փոփոխություններ, չի կարելի: Իսկ ՀՀԿ-ին հաճո փոփոխությունները, ինչպես ՀՀԿ-ական իշխանության ողջ ժամանակաշրջանն է վկայում, ամենևին չեն նշանակում ընդհանուր՝ պետական և հանրային առումով դրական փոփոխություններ: Այսպես ահա, ամբողջովին կուսակցականացնելով օրենսդիր, գործադիր իշխանությունը, իր ձեռքը վերցնելով պետական կառավարման ողջ ապարատը՝ ՀՀԿ-ն նկրտում է հիմա էլ իրենով անել այն, ինչ, թվում է, զերծ է մնացել ամենակուլ ՀՀԿ-ացումից՝ Սահմանադրությունը:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ