կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-02 14:26
Քաղաքական

Իսկ ո՞վ կհամարձակվի հակառակվել Ազատիչին

Իսկ ո՞վ կհամարձակվի հակառակվել Ազատիչին

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի` շաբաթ օրը հրավիրած խորհրդակցությանը, հայտարարեց, որ ինքը նախագահի գնահատականների հետ միշտ համամիտ է: ԱԺ նախագահի այս հայտարարությունից շատ չանցած մամուլն այն որակեց «կարծիք չունեցողի կամ վերադասի բոլոր կարծիքներն անխտիր, առանց քննարկման ընդունող ենթակայի պատասխան»:

 

Եթե մենք ապրելու լինեինք այլ երկրում, երկրի երկրորդ դեմքի այս հայտարարությունը, իհարկե, սենսացիոն կարելի էր որակել եւ կարծիք չունեցող մարդու պահվածք, բայց մեր իրականության մեջ իշխանության կողմից մշակված խաղի կանոնների եւ նախագահի դրվածքի պայմաններում կա՞ որեւէ մեկը, ով կհամարձակվի չհամաձայնել նախագահի գնահատականների հետ: Սա համատարած է, Հովիկ Աբրահամյանն էլ «երջանիկ բացառություն» չէ: Կա՞ որեւէ պաշտոնյա, սկսած երկրորդ, երկրորդ, տասներորդ դեմքից, որ այնքան «դուխ կունենա»՝ հրապարակավ հայտարարելու, թե համաձայն չէ նախագահի այս կամ այն գնահատականի հետ: Եթե նախագահը սեւին սպիտակ էլ ասի, կա՞ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, որ կհամարձակվի հրապարակավ հակառակն ապացուցել, նախագահին էլ համոզել, որ «փոքր-ինչ» սխալվում է...

 

Չկա, կուսակցության ներսում եւ պետական ապարատում նախագահի կարծիքից տարբեր կարծիք հայտնելը դարձել է բացառություն: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, «Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: Ի՞նչ իրավունք ունեք այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»...

 

Վերահսկիչ պալատի բացահայտումները հանրապետականները պետք է քննարկեն կուսակցության ներսում: Բառն արդեն հուշում է, որ պետք է լինեն մտքերի փոխանակում, բախումներ, եւ վերջում գան կարեւոր հայտարարի՝  նման դեպքերը նվազագույնի հասցնելու եւ թալանչիներին ներքին պատասխանատվության ենթարկելու համար:

 

Վստահաբար, այդ քննարկումները լինելու են պարզապես դասախոսություն, մասնակիցներն էլ միաձայն համամիտ են լինելու Սերժ Սարգսյանի լեկցիաներին: Ու բնավ կարեւոր չէ, որ, համամիտ լինելով հանդերձ, նախագահի հանձնարարականները մնալու են անկատար:

 

Սխալը էն գլխից է:

 

Մ. Հարությունյան