կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 16:53
Տնտեսական

Վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց ավելի շատ վարկ են տվել

Վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց ավելի շատ վարկ են տվել

2013 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել է 33 վարկային կազմակերպություն` 106 մասնաճյուղերով: ԿԲ կողմից ներկայացվող առաջին եռամսյակի ամփոփման տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա է ստացել «Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲԸ-ն:

 

Վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները առաջին եռամսյակի ընթացքում ավելացել են 6.7%-ով (11.3 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 179.8 մլրդ դրամ: Ակտիվների աճ է արձանագրվել 24, իսկ նվազում` 9 վարկային կազմակերպությունում:

 

Վարկային կազմակերպությունների կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հաշվետու եռամսյակի ընթացքում ավելացել է 8.0%-ով (9.1 մլրդ դրամով) եւ եռամսյակի վերջին կազմել 122.3 մլրդ դրամ:

 

Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերին բաժին է ընկել 68.9%-ը, իրավաբանական անձանց տրամադրված վարկերին` 20.6%-ը, վարկային կազմակերպությունների հետ կապված անձանց եւ աշխատակիցներին տրամադրված վարկերին` 2.9%-ը, լիզինգին` 7.6%-ը: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 8.2%-ով (6.4 մլրդ դրամով) եւ կազմել 84.2 մլրդ դրամ, իրավաբանական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 7.0%-ով (1.6 մլրդ դրամով) եւ կազմել 25.2 մլրդ դրամ:

 

Լիզինգի ծավալն ավելացել է 11.8 %-ով (984 մլն դրամով) եւ կազմել 9.3 մլրդ դրամ: Վարկային կազմակերպության հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 1.9%-ով (67 մլն դրամով) եւ կազմել 3.6 մլրդ դրամ:

 

Ըստ արժութային կառուցվածքի` տնտեսությանը տրամադրված դրամային վարկերի ծավալը հաշվետու եռամսյակում աճել է 7.3%-ով (5.1 մլրդ դրամով), իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը` 9.1%-ով (4.0 մլրդ դրամով): Արդյունքում` արտարժութային վարկերի տեսակարար կշիռը աճել է 0.4 տոկոսային կետով եւ կազմել 39.1%: