Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լեւ» գրուպ իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Ռուսալ-Արմենալ» այլումինի գործարանի բանվորների աշխատանքային իրավունքների խախտմանը և գործարարների կողմից նրանց հասցեին հնչեցված սպառնալիքներին:
Նշված ընկերությունը չի վճարել աշխատողներին հասանելիք` միջին աշխատավարձի 50 %-ի չափով վնասակարության գումարը: Ըստ փաստաբանի` «Ռուսալ-Արմենալ» գործարանի 105 բանվորների գործով հայաստանյան դատարաններն իրարամերժ դատական ակտեր են կայացել. ընդհանուր իրավասության դատարանի վճռով գործարանը պարտավորվել էր օրենքի ուժով բանվորներին վճարել ամսական հավելավճարները, սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը փոխեց հիշյալ որոշումը` համարելով, որ ամսական հավելավճարները գործարանը չպետք է վճարի: Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրեց վճռաբեկ բողոքը: Լ. Բարսեղյանը հայտարարեց, որ գործն ուղարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանի խոսքով` գործատուն բանվորներին սպառնում է զանգվածային ազատումներով: «Գործատուն բանվորներին ասել է` աշխատում եք, աշխատեք, թե չէ Աֆրիկայից էժան աշխատուժ կբերեմ, կաշխատացնեմ: Իսկ յուրաքանչյուր խոսքի տակ էլ հիշեցնում է, որ ինքը հզոր է, քանի որ Ռուսաստանի ներդրող է: Եվ այս ամենը կատարում է բացեիբաց, պետական լիազոր մարմինների անտարբերության պայմաններում»,- հայտարարեց նա:
Բանվորների շահերի պաշտպանը նշում է, որ աշխատողը ստրուկ չէ և նրա կողմից թեկուզև թվացյալ խախտումների համար պայքարելու իրավունքը հիմք չի տալիս գործատուին հաշվեհարդար տեսնել կամ սպառնալ:
Փաստաբանը կոչ արեց ՀՀ վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսել «Ռուսալ-Արմենալի» աշխատողների բողոքները, իսկ մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել:
Նշենք նաև, որ տարիներ առաջ նույն գործարանի 120 աշխատողներ նույն խնդրով դիմել էին դատարան և վերականգնել իրենց իրավունքները: