կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 14:22
Քաղաքական

Ամբողջ հանրապետության հոգսն ու բեռը Սերժ Սարգսյանի ուսերին է. ԲՀԿ-ական

Ամբողջ հանրապետության հոգսն ու բեռը Սերժ Սարգսյանի ուսերին է. ԲՀԿ-ական

ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը գոհ է կառավարության աշխատանքից: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում:

 

Yerkir.am-ը նրանից հետաքրրքվեց` գոհ է նաեւ վարչապետի՞ աշխատանքից: Պարզվում է` այո: Երբ նրան հիշեցրեցինք, որ ԲՀԿ-ականները քննադատում են վարչապետին, նրա վարած քաղաքականությունը, պատգամավորը հայտարարեց. «Ամեն մարդ իր կարծիքն ունի»: Մեր հարցին, թե ի՞նչն է այդքան գոհացնում վարչապետի եւ կառավարության աշխատանքում` ԲՀԿ-ականի նման հայտարարությունը գրեթե սենսացիոն է, Մանուկյանը պատասխանեց. «Խնդիրն այսպես է` նախ պետք է վերլուծել, թե ինչպիսին են երկրի իրավիճակը, քաղաքական վիճակը, ներտնտեսական վիճակը, հնարավորությունները, նոր դնել եւ մարդկանց ասել, որ սխալ են: Իհարկե, գոհունակությունը չի կարող լինել հարյուր տոկոս, բայց նայեք ընդհանուր վիճակը»:

 

Ուշագրավ է, որ Մանուկյանի այս հայտարարություններից փոքր-ինչ նեղսրտած ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Գուրգեն Արսենյանը, միջնորդեց, որ Մանուկյանը եւս մեկ հարցազրույց տա, հավանաբար` սխալ ձեւակերպումներն ուղղելու ակնկալիքով:

 

Լրագրողներն էլ հետաքրքրվեցին, թե Աբրահամ Մանուկյանն ինչ կարծիք ունի նախագահի գործունեության մասին: Պարզվում է` Սերժ Սարգսյանի գործունեությունից էլ է գոհ ԲՀԿ-ական պատգամավորը: «Նախագահին ընդհանրապես չի կարելի քննադատել: Այս ամբողջ հանրապետության հոգսն ու բեռը Սերժ Սարգսյանի ուսերին է: Նախագահը սիմվոլ է, չի կարելի ամեն վայրկյան մարդուն միշտ քննադատել ու քննադատել»,- հայտարարեց նա:

 

Լրագրողների դիտարկմանը` բայց չէ՞ որ Դուք դեմ եք քվեարկել բյուջեի կատարողականին, նաեւ բյուջեին, Մանուկյանը վրա բերեց. «Բայց դուք լավ ե՞ք նայել` ես դե՞մ եմ քվեարկել»: