Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսում տեղի ունեցածի, ինչպես նաև դրա պատճառով լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աբսուրդային հայտարարության նկատմամբ իր ընդունած կեցվածքով իշխող Հանրապետական կուսակցությունը ժխտում է այն հանրահայտ ճշմարտությունը, թե անփոխարինելի մարդիկ ու կադրեր գոյություն չունեն: ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը հասարակությանն ուղղակի ասում են, որ Լիսկան իրենց համար անփոխարինելի է: Ընդ որում` ՀՀԿ-ն ու դրա նախագահն այս ուղերձը հանրությանը հասցնում են անգամ կուսակցության և երկրի նախագահի հեղինակությունը մինչև վերջ գետնին հավասարեցնելու, բառի բուն իմաստով, արժեզրկելու գնով: Սրանք զգացմունքային գնահատականներ չեն, այլ կոնկրետ փաստերի վրա արվող հետևություններ:
Դեռ 2010թ. դեկտեմբերին ՀՀԿ-ի 20-ամյակի միջոցառման ժամանակ կուսակցության և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք բարձրացնում ենք նշաձողը ոչ միայն կուսակցության գործունեության և դրա արդյունքների համար, այլև պահանջները կուսակցության անդամների ու նրանց գործունեության հանդեպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլև երկրի առջև: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլև իր ենթակաների, նաև՝ իր ընտանիքի անդամների վարքի համար: Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել են սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, նրանք, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ»:
Իսկ դրանից օրեր առաջ` դեկտեմբերի 8-ին, անդրադառնալով նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու պատճառով նախկին քաղաքապետ, ներկայումս` տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, նախագահի մամուլի այն ժամանակվա քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել էր. «ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»:
Գորիսում կատարված հանցագործությունն այս երկու հայտարարությունների պրիզմայով անցկացնելիս ստացվում է չափազանց հետաքրքրական պատկեր: Նախ` եթե անգամ հավատանք դեպքի ժամանակ քնած լինելու մասին` Լիսկայի անհեթեթ մեկնաբանություններին, փաստ է, որ սպանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով կալանավորվել է նրա որդին, ում համար, ըստ ՀՀ նախագահի վերոնշյալ հայտարարության, Սուրիկ Խաչատրյանը «պատասխանատու էր հարյուրապատիկ»: Եթե Սերժ Սարգսյանի` երբևէ արած հայտարարություններն ունեն ինչ-որ արժեք, ապա Լիսկայի որդու ձերբակալությանը պետք է ոչ միայն անհապաղ հետևեր Խաչատրյանի պաշտոնանկությունը, այլև նա պետք է վտարվեր կուսակցությունից: Եթե դա չի արվում, կարո՞ղ է, արդյոք, ցանկացած մեկը պնդել, որ Լիսկան` իբրև անձ ու երևույթ, ՀՀԿ-ի համար ավելի մեծ արժեք է, քան ինքնին նախագահի խոսքը... Իսկ եթե դա այն արարքը կամ դրսևորումը չէ, որի համար Լիսկան պետք է պաշտոնանկ արվի, ապա ստացվում է, որ ՀՀԿ-ի համար մարդ ծեծելն ավելի անհանդուրժելի է, ինչի համար երևանցիների կողմից ընտրված քաղաքապետը կարող է Բաղրամյան 26 մտնելուց հետո հրաժարական տալ, քան մարդասպանությունը:
Իսկապես շատ տարօրինակ տրամաբանություն է: Մինչդեռ Լիսկան ոչ միայն պաշտոնանկ չի արվում, այլև իրեն իրավունք է վերապահում ինքնուրույնաբար, առանց իրավական որևէ հիմքի, սառեցնել մարզպետի պաշտոնում իր գործունեությունը և, որ էլ ավելի զավեշտալի է, դա անում է` հղում կատարելով իր «վերադաս մարմնից»` ենթադրաբար կառավարությունից (մարզպետի վերադասը, ըստ Սահմանադրության, կառավարությունն է) ստացած ինչ-որ թույլտվության: Այսպիսով` Լիսկան ոչ միայն չափազանց անլուրջ վիճակի մեջ է դնում նախագահ Սերժ Սարգսյանին, ով ստիպված է ընտրություն կատարել Լիսկայի և իր սկզբունքայնության միջև, այլ նաեւ կառավարությանը, որը, բերանը ջուր առած, չի կարողանում հոդաբաշխ որևէ հիմնավորում բերել` ինքն իր պարտականությունները սառեցնելու ու դրանից հետո անհայտանալու` մարզպետի արարքի համար: Այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե պետության գործադիր իշխանության մասին է, այլ ակամա բանտից հանցագործի փախուստը թույլ տված «կլյուչնիկի»:
Այս պարզ իրողություններն իրականում ոչ թե խոսում են Լիսկայի ամենակարողության, այլ իշխող կուսակցության խղճահարույց վիճակի մասին: Լիսկան, այսպիսով, իշխանության օգնությամբ ոչ միայն քարուքանդ արեց խաղաթղթերից կառուցված իրավական ու «ապահով» Հայաստանի հիմքերը, այլև ցույց տվեց, թե որն է իրականում ՀՀԿ-ի թվացյալ ուժը. նա պարզապես ապացուցեց, որ առանց իրեն ու իր նմանների, ՀՀԿ-ն ոչինչ չարժե: Լիսկաները ՀՀԿ-ի համար թմրանյութի դեր են կատարում, որը կյանքի գին ունի վերջացած թմրամոլի համար:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ