Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը Գորիսում կատարված դեպքերի կապակցությամբ հարցեր է ուղղել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին:
- Պարո'ն Ռուստամյան, Գորիսում հնչած կրակոցները երկրում ստեղծված անպատժելիության արդյունքն են: Ձեր գնահատականը այդ միջադեպին:
- Բնականաբար, դեռ քննությունն ընթացքի մեջ է, բայց ակնհայտ է, որ Հայաստանում առկա այս ինքնավերարտադրման համակարգում կան մարզեր, որոնք ամենաաչքի ընկած մարզերն են այդ գործընթացում` ապահովել են իշխանությունների պահպանումը, վերարտադրումը, եւ Սյունիքի մարզն այս առումով իշխանության հենասյուներից է: Սյունիքի մարզում անձեռնմխելիության մի վիճակ կա` կապված ղեկավարության հետ, եւ բնականաբար, առաջին անգամը չէ, որ նման բաներ ենք լսումը: Վարչապետը հենց առաջին օրը երբ ստանձնում էր իր պարտականությունները, փորձ արեց կարգուկանոն հաստատել այդ մարզում, բայց չստացվեց, հետո պարզվեց, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հարթ ու հանգիստ է, որեւէ խնդիր գոյություն չունի, եւ փակվեց այդ խոսակցությունը: Դրան հետեւեցին բազմաթիվ այլ դեպքեր` կապված Սյունիքի մարզպետի անվան հետ, հետո այնպես ստացվեց, որ իզուր տեղը մեղադրում են ամենաարդար եւ իր ժողովրդի կողմից սիրված ղեկավարին:
Երբ երկրում չկա արդար դատարան, դատաստան իրականացնելու հնարավորություն, ինքնադատաստանն է սկսում գործել, սա էլ այս նույն վերաարտադրման համակարգի մյուս երեսն է, երբ մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով` կարող ես, արա, չես կարող` մի արա, սա հանցագործ աշխարհին բնորոշ գործելաոճ է: Այս համակարգի տված դառը պտուղներն են, որ մենք անընդհատ տեսնում ենք, եւ չի երեւում սրա վերջը, քանի դեռ իսկապես չի ստեղծվել արդարադատության իրական համակարգ, դատական համակարգ, որ մարդիկ իրենց խնդիրները լուծեն օրինական ճանապարհով: Սրա վերջը չի երեւում…
- Ակնհայտ է, որ այս հարցում էլ նախ կայացվելու է քաղաքական որոշում: Հիմա, երբ չկան ընտրություններ, չկա ինչ-որ բան ցույց տալու անհրաժեշտություն, հանրապետության նախագահը «կզոհաբերի՞» իր համար միշտ ձայներ ապահովող Սուրեն Խաչատրյանին:
- Ես բազմիցս ասել եմ, որ նախագահների երկրորդ ժամկետը ճիշտ կլինի, եւ խոսք կա` պետք է աշխատեն պատմության համար: Առաջին ժամկետն աշխատում են իրենց համար, երկրորդը գոնե պետք է աշխատեն պատմության համար: Եվ այսօր իսկապես կա բացառիկ հնարավորություն շատ արագ կարգուկանոն հաստատելու, եւ դա մեծ ջանքեր չի պահանջում, մեր երկիրը փոքր է, պետք է մի կարմիր գիծ քաշել եւ առաջին հերթին իր մերձավորներին ասել, որ այսուհետեւ ով կարգը, օրենքը խախտեց, բոլորի նման հավասար պատասխան է տալու, եւ դա իրականացվի` համապատասխան պահից սկսած: Այսօր էլ, եթե այդ կարմիր գիծը քաշվի եւ իրականացվի, վստահ եմ` ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց եթե մարդիկ գիտեն, որ անպատժելիության պսակ ունեն եւ անձեռնմխելիության դաշտ, հնարավորություն, ամեն ինչ էլ կարող են իրենց թույլ տալ: Օրենքը գործում է այնտեղ, որտեղ օրենքը խախտելու դեպքում անվերապահ պատիժ կա, եթե դա գոյություն չունի, օրենքներն անիմաստ են:
-Ի՞նչ եք կարծում, այդուհանդերձ, Սուրեն Խաչատրյանի անպատժելիության պսակը կհանվի՞:
- Դրա հետ կապված չեմ տեսնում վճռականություն եւ նման հարցադրում օրակարգում չեմ տեսնում: Բայց ես հույս ունեմ, որ կընկալվի` այսպես շարունակել հնարավոր չէ: Բնականաբար, ընտրությունները հեռու են, բայց չպետք է դրանով հանգստանալ, որովհետեւ այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ կարող են առաջանալ, որ չէինք էլ սպասում` թե' ներքին եւ թե' արտաքին մարտահրավերների արդյունքում:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերից մեկը, այս էլ որերորդ անգամ, հայոց բանակի սպա է, հնարավո՞ր է հատկապես այս գործոնը իրավիճակը պայթունավտանգ դարձնի:
-Գիտեք, ինքնադատաստանի ելնում է այն խավը, որը չի որոշում արտագաղթել, այլ իր հարցերն, այդուամենայնիվ, իր երկրում լուծել: Դրա լուծման ճանապարհը չի տեսնում օրինական ձեւով եւ փորձում է լուծումներ գտնել իր սեփական հնարավորություններով, միջոցներով: Այստեղ է, որ մեծ խնդիր ունենք, որովհետեւ եթե այս հոգեբանությունը խորացավ, կգործի հանցագործ աշխարհի հայտնի մեթոդը` կարող եմ, անում եմ, մի' դժգոհի, որ ինչ-որ բան չունես, չես կարող` չես ունենում, ես կարող եմ` ունենում եմ:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը