կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-02 12:20
Իրավական

Բակո Սահակյանը ճաշկերույթի չի մասնակցել. խոսնակը հերքում է

Բակո Սահակյանը ճաշկերույթի չի մասնակցել. խոսնակը հերքում է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ծանր վիրավորվել են նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգական եւ նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կերուխումի» է եղել, որին ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը եւ հարբած ու զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն ու, հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել: 

 

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: 


Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ փաստի առթիվ քննությունը հնարավոր է վարի Հատուկ քննչական ծառայությունը կամ ՊՆ քննչական ծառայությունը, որոնց կարող են օգնել Սուրեն Խաչատրյանի հարեւանի տեսախցիկները, որոնք ֆիքսել են կատարվածը: Տեսախցիկները, սակայն, չեն օգնի պարզել՝ մասնակցե՞լ է, արդյոք, կերուխումին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ Բակո Սահակյանի մասնակցությամբ կերուխում չի եղել: «Աշխատանքային այցով Բակո Սահակյանը եղել է Սյունիքի մարզում, ունեցել հանդիպումներ, պայմանավորվածություններ, քննարկել զարգացման ծրագրեր: Երեկոյան՝ հետդարձին, թեթեւակի հաց ենք կերել ու շարունակել ճանապարհը»: Ըստ մամուլի խոսնակի` ԼՂՀ նախագահի անունը կապելը ինչ-որ ճաշկերույթների հետ, սենսացիայի անհաջող փնտրտուք է: