կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 21:25
Քաղաքական

ՀՅԴ-ն պաշտպանելու է իրեն տրված բոլոր քվեները

ՀՅԴ-ն պաշտպանելու է իրեն տրված բոլոր քվեները

Այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ-ն, ի տարբերություն շատերի, կարողացավ ներկայանալ ամբողջական թիմով, վճռականությամբ, եւ պատրաստ, որ մայիսի 5-ին երեւանցին իր քվեն տալով Դաշնակցությանը, ձեւավորվելու է ազգային միասնության եւ Երեւանն ու Հայաստանը փոխող նոր քաղաքային իշխանություն. այսօր, նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Նա շեշտեց, որ ոչ մի այլ քաղաքական ուժի մոտ այդ կուսակցության ղեկավար կազմը չէ, որ տանում է ցանկը դեպի առաջ, եւ որ ՀՅԴ-ն միակն է, որի ցանկը ղեկավարում է հայաստանյան կառույցի` Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երկրորդ համարը ԳՄ-ի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն է, երրորդ համարը` մյուս փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

 

«Մեր համամասնական ցանկը կազմված է ոչ միայն քաղաքական, այլեւ մասնագիտական եւ պրոֆեսիոնալ կառվարման փորձառություն ունեցող ՀՅԴ եւ անկուսակցական ներկայացուցիչներից: Մեր ցանկում ընդգրկված բոլորին միավորող մեկ ընդհանուր արժանիքը պատվախնդրությունը, հայրենասիրությունը եւ սեփական երկիրն ու մայրաքաղաքն իբրեւ ծնող սիրող հայերի ցանկ լինելն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

 

Նա հայտարարեց, որ մայրաքաղաքի բոլոր` 400-ից ավել ընտրատեղամասերում ՀՅԴ-ն ունի հանձնաժողովի անդամներ ու վստահված անձիք, եւ ՀՅԴ-ին տրված յուրաքանչյուր քվե պահպանվելու է: Արծվիկ Մինասյանը կոչ արեց ոստիկանությանը` մայիսի 5-ին օգնելու իրենց` պայքարելու ընտրակեղծարարների դեմ:

 

«Իսկ եթե չհամագործակցեք` մենք ինքներս ենք պաշտպանելու մեր ժողովրդի արդար քվեն` հօգուտ Դաշնակցության տրված ցանկացած քվեն եւ հաստատելու ենք ՀՅԴ իշխանությունը եւ բերելու ենք ամբողջական հաղթանակ` Հայաստանում»,- խոստացավ պատգամավորը: